Սիրիայի ընդդիմությունը, որն այսօր ուրբաթօրյա աղոթքից հերթական հանրահավաքն է հրավիրել երկրի տարբեր քաղաքներում, կոչով դիմել է Սիրիայի բանակին: Մասնավորապես կոչ է արվում այսօր միանալ բողոքի ակցիաների դուրս եկած ժողովրդին: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Ընդդիմությունն այսօր կրկին պահանջելու է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականը, որի ռեժիմը վերջին երկու ամիսների ընթացքում ավելի քան 1000 ընդդիմադիր է սպանել: Ընդդիմությունը նաև տեղեկություններ ունի, որ որոշ զինվորականներ երկրում տեղի ունեցող բախումների ժամանակ սպանվել են հատուկ ծառայությունների կողմից միայն այն բանի համար, որ հրաժարվել են կրակել ժողովրդի վրա:
Վերջին շաբաթներին մեծանում են նաև արտաքին ճնշումները: Բացի Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցներից, տեղեկություններ են հաղորդվում, որ սրվել են հարաբերությունները Թուրքիայի և Սիրիայի միջև, որն համարվում էր ամենաամուր դաշինքներից մեկը տարածաշրջանում: Անկարան դժգոհ է Սիրիայի ռեժիմի կողմից ժողովրդի դեմ կիրառվող մեթոդներից:










































