«Հստակ է, որ եռանախագահները ֆիքսել են երեք խնդիր. Առաջին՝ Սոչիում ինչ-որ պայմանավորվածություններ կան, երկրորդ՝ պատերազմները չեն ընդունվելու որևէ մեկի կողմից, ինչը մեզ համար շատ լավ է, և Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական հռետորականությունը, այլապես աշխարհը կարող է ուղղակի լուրջ գործողություններ սկսել, և երրորդ՝ հունիսն այն ամիսն է, երբ պիտի կատարվեն համապատասխան քայլեր, ինչը, սակայն, մեզ համար այնքան էլ հարմար չէ»,- «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Դովիլում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել և կոչ արել Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի և հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ ավարտին հասցնել հիմնական սկզբունքների մշակման վրա տարվող աշխատանքները:
Կարապետյանը նշեց, որ դժվար թե հունիսին արտառոց որևէ բան լինի, քանզի առկա հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում, իրարամերժ են, և կողմերն ունեն կարծր դիրքորոշումներ. «Կարելի է ենթադրել, որ հունիսին փորձ կարվի մեկ անգամ ևս մերձեցնել այդ հիմնարար սկզբունքները, ինչը շատ բարդ խնդիր է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, համաձայնելով իր ընդդիմախոսի գնահատականի հետ, հավելեց. «Մի բան պարզ է, որ այսօր ամբողջ աշխարհը դատապարտում է և չի ընդունում պետությունների այն քաղաքականությունը, որը բխում է ուժի կամ սպառնալիքների դիրքերից: Սա շատ կարևոր է Հայաստանի համար: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ աշխարհի հզորները թույլ չեն տալու, որ պատերազմ սկսվի»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Կազանում հունիսին կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվի նաև Մամեդյարովի մատնանշած երկու շրջանների հանձնման հարցը, Կարապետյանը պատասախանեց. «Դեռևս ամեն ինչ այնպես դասավորված չէ, որպեսզի կողմերը գնան փոխզիջման: Այս ներքաղաքական զարգացումները՝ երկխոսություն, համաներում, այս ամենն արվում է նրա համար, որ կողմերի ներքաղաքական լարվածությունը թուլանա, որպեսզի իրենք կարողանան առանց վախենալու գնալ որոշակի քննարկումների: Բայց քանի դեռ այս ամենը կատարյալ չէ, ապա զիջումները հունիսից տեղափոխվելու են»:
Կարապետյանը նշեց, որ շրջանների հանձնման վերաբերյալ քննարկում Կազանում կլինի, բայց դեռ կհետաձգվի. «Ամեն ինչ գնալու է դեպի աշուն»: