
Ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ հրահրողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, մասնավորապես դա եղել է Օբամայի վարչակազմի քաղաքականությունը, և քանի որ այդ «ուժերը» պարտություն են կրել 2016 թ. նախագահի ընտրությունների արդյունքում, նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, իրավիճակը Ղարաբաղի շուրջ գնալով կարգավորվելու է: Այս պայմաններում առավել իրատեսական է թվում հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը, որը հայտնի է՝ որպես «Լավրովի պլան»: Ալեքսանդր Դուգինը այս մեկնաբանությունը տվեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ խոսելով վերջին զարգացումների մասին:
«Կարծում եմ՝ Լավրովի ծրագիրը առավել իրատեսական է և կարևոր է այն կենսագործել: Լավրովի ծրագիրը ենթադրում է վերջնական հաշտություն, ստատուս-քվոյի պահպանման իրավական ամրագրում՝ Հայաստանի կողմից Ղարաբաղի շրջակա շրջանները վերադարձնելու փոխարեն: Դրանից հետո իրադրությունը կկարգավորվի բոլոր տեսանկյուններից, և մենք կմտնենք երկարատև կայունության և խաղաղության փուլ: Դրա դեմ աշխատում է միայն Ամերիկան, իսկ մնացած բոլոր տեղական, տարածաշրջանային խնդիրները իրականում ստորադասվում են դրան: Եթե բոլորը՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները գործեն խաղաղասիրական ոգով, ապա հնարավոր եմ համարում այն, որ մոտ ժամանակներում կարելի է նորմալացնել իրադրությունը, թեև ես չեմ բացառում մի քանի բռնկումներ»,- հայտարարեց Ալեքսանդր Դուգինը: