ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը և Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները 2016թ. դեկտեմբերին Նյու Յորքում հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին, հաղորդում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ կողմերը հանդիպել են է Մանհեթենի Trump Tower երկնաքերում, իսկ հանդիպման նպատակը եղել է Թրամփի ներկայացուցիչների և ՌԴ իշխանությունների միջև կապերի հաստատումը:
Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունը՝ մանրամասնելով, որ հանդիպումը տևել է 20 րոպե: Նա նաև նշել է, որ Ջարեդ Քուշները, որն այժմ Թրամփի խորհրդականն է, հանդիպումներ է ունեցել արտասահմանյան մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ֆլինը երբեք չի հանդիպել Ռուսաստանի դեսպանի հետ:
Ինչպես գրում է թերթը, նման հանդիպումների մեջ տարօրինակ ոչինչ չկա, սակայն Թրամփի թիմակիցների ու ռուս պաշտոնյաների միջև հանդիպումներն ուշագրավ են այնքանով, որ Մոսկվան մեղադրվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:









































