«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Գեղամ Նազարյանը։
– Պարոն Նազարյան, վաղը տեղի է ունենալու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համագումարը։ Ի՞նչ օրակարգով է լինելու, ի՞նչ որոշումներ են ընդունվելու։
– Սովորական տեխնիկական գործընթաց է։ Որևէ արտառոց բան չկա, աշխատանքային գործընթաց է։ Հիմնական կարգախոսն էլ ընդունված է՝ «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ»։ Սովորական ընթացակարգային համագումար է, ինչպես որ բոլոր դաշինքներն են համագումար անում՝ կլինեն ելույթներ։
– Հնարավո՞ր է Սամվել Բաբայանը արդեն հրապարակավ հանդես գա ձեր դաշինքի համագումարում. իր վերջին հարցազրույցներում Բաբայանն արդեն չի թաքցնում, որ սատարում է ձեզ։
– Սատարելը՝ այո, սատարում է, դա նորմալ է։ Մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանի նման հերոսը մեր դաշինքին սատարում է, բայց միայն այդքանը։ Ուրիշ ձևաչափով ներգրավվածություն չի լինելու։
– Տեղեկություններ կան, որ դաշինքում որոշակի տարակարծություններ կան՝ հատկապես այն բանից հետո, երբ Վահե Հովհաննիսյանը հրաժարվեց ընտրապայքարից։ Ըստ այդ տեղեկությունների՝ վարչության այլ անդամներ ևս որոշակի անհամաձայնություններ ունեն որոշումների կայացման առումով։
– Ես հատուկ ուզում եմ նշել, որ Վահե Հովհաննիսյանը պայքարից չի հրաժարվել, նա պարզապես ցուցակում չի լինելու։ Վ. Հովհաննիսյանն ամենաակտիվ ներգրավվածությունն ունի այժմ և հիմա նախընտրական շրջանում շատ ակտիվ օգնելու է դաշինքին, որ մենք հաջողության հասնենք։
Ինչ վերաբերում է տարակարծություններին, ապա բոլոր առողջ ուժերն էլ ունենում են տարակարծություններ։ Ի տարբերություն որոշ կուսակցությունների՝ մեզ մոտ ձեռքը բարձրացնելով որոշումներ չեն կայացվում, ընթանում են առողջ, կառուցողական քննարկումներ, լինում են ակտիվ բանավեճեր։ Իսկ լուրջ, արմատական տարաձայնություններ մեզ մոտ չկան, այլապես չէինք լինի նույն կուսակցությունում։
– Մամուլը վերջին շրջանում պարբերաբար գրում է, որ հնարավոր է բանակում եղած չարաշահումների, Նորքի զինված խմբի հետ առնչություն ունենալու համար մեղադրանք առաջադրվի Սեյրան Օհանյանին։ Այս առումով մտավախություն չունե՞ք։
– Ես կարծում եմ, որ իշխանություններն այնքան բանականություն ու խոհեմություն կունենան, որ նման քայլի չգնան՝ հատկապես, որ Սեյրան Օհանյանն էլ իր հայտարարություններում նշել է, որ իր աշխատանքի ընթացքում այնպիսի արարք թույլ չի տվել, որը հիմք դառնա քրեական գործի հարուցման։ Եվ ես կարծում եմ, որ մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ նման ցնցումների պատրաստ չէ։ Դա կլինի ուղիղ հարված հայ ժողովրդի թիկունքին։ Ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլև ցանկացած այլ գործչի նկատմամբ նման խտրական դրսևորումը հարված կլինի սահմանին կանգնած զինվորներին. մենք նման մտավախություն չունենք և իշխանության մասին բավականին լավ կարծիք ունենք։ Հույս ունենք, որ իշխանությունը կունենա բավարար բանականություն, որ նման նախընտրական խարդավանքների չդիմի։