Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկմանն անդրադարձավ ոստիկանության վերջի շրջանի իր իսկ բնորոշմամբ՝ «ոչ իրավաչափ» գործողություններին․ «Ոստիկանական աշխատակիցների կողմից չկա որևէ իրավաչափ գործողություն, բոլոր կետերով ակտիվիստները պետք է հաղորդում տան քրեական գործ հարուցելու և ապօրինություն ցույց տված ոստիկանների նկատմամբ պատիժ սահմանելու համար»:
Արթուր Սաքունցը հավելեց, որ քիչ հետո իրենք ոստիկանության ծառայության շենքի մոտ ցույց են իրականացնելու, երթով շարժվելու են մինչև գլխավոր դատախազություն. «Մենք չենք կարող հանդուրժել այս ամենը, դատապարտում ենք ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների խախտումները:
Հետաքրքիր մի իրավիճակ եղավ շաբաթ օրը՝ բոլորովին իրարից անկախ երկու քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ բռնություն իրականացվեց՝ Կոմիտաս 5 և քաղաքապետարան:
Ես դա քրեորեն հետապնդելի արարք եմ համարում և միաժամանակ հայտնում, որ այսօր արդեն իրազեկում եմ տվել շտապ հավաք անցկացնելու մասին՝ Երևանի քաղաքապետարանին և ոստիկանությանը»:
Արթուր Սաքունցը հավելեց, որ այսօրվա դատապարտող ցույցը ոստիկանության արարքների նկատմամբ միմիայն օրինականության դաշտում է լինելու, որպեսզի առնվազն ոստիկանները սովորեն իրենց պահել այդ դաշտում. «Քաղաքացիներն իրավունք ունեն կատարել օրենքով չարգելված գործողություններ, և բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հաղորդումներ տան ոստիկանության ապօրինությունների նկատմամբ:
Չնայած նշեմ, որ գլխավոր դատախազությունը բազմաթիվ խախատումների վերաբերյալ արդեն իսկ պետք է հարուցած լիներ քրական գործեր։ Ես այստեղ տեսնում եմ դիտավորություն․ սա նույնպես քրեորեն հետապնդելի արարք է: Անկախ այն բանից՝ մենք վստահում ենք դատական իշխանություներին, թե չէ, պետք է հաղորդում տանք»:
Սաքունցը տեղեկացրեց նաև, որ ակտիվիստները շատ հաճախ խուսափում են հաղորդում ներկայացնելուց, որովհետև կա մտահոգություն, որ բանախոսի խոսքերով՝ «պապաների պաշտպանության կոմիտե» խմբավորումը, որը ոստիկանության գիտությամբ ահաբեկում է ակտիվիստներին և նրանց աջակցողներին, կարող է վնաս տալ իրենց․ «Բայց դա հիմք չէ, որ ոստիկանությունը գործողություն չիրականացնի, ոստիկանությունը խառնել է տեղերը՝ ով է տուժող, ով՝ հանցագործություն կատարող »։
Իրավապաշտպանի պնդմամբ՝ ոստիկանությունը գործել է անպատժելիության մթնոլորտում, և դա է փաստում այն, որ որևիցե ոստիկանի նկատմամբ, որոնք բռնի գործողություններ են իրականացնում քաղաքացիների հանդեպ, պատիժ չի սահմանվել՝ բացառությամբ մի քանի դեպքերի:











































