Էջմիածնի Առաջին ատյանի դատարանում ևս մեկ շաբաթով հետաձգվել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանի գործով դատավարությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը հայտնեց, որ նիստի ընթացքում բողոքող կողմը մի քանի անգամ նշել է` ինքը բողոքներ չունի, դատապաշտպանները ներկայացրել են միջնորդություն, որի համաձայն` մեծ թվով խախտումներ են եղել քննչական գործընթացի ժամանակ:
«Դատը հետաձգվել է ևս մեկ շաբաթով, որ դատախազը ծանոթանա միջնորդություններին: Ի պաշտպանություն Մուղալյանի` տարբեր խմբեր են ձևավորվել, նրանք անգամ նկարներ են տարածում, կարելի է դրանք անգամ համացանցում գտնել»,- ասաց նա: Գևորգյանի խոսքերով` մի քանի երիտասարդներ Մարալիկում ծաղրանկարի նման բան են արել, կրակ են արել դաշտի մեջտեղում, կողքը կանգնել են, նկարի մակագրությունն է` «Մենք Մարալիկում այրել ենք ծղոտ, մեզ էլ կարող են դատապարտել չորս տարվա ազատազրկման»: Մեկ ուրիշ խումբ պետք է հավաքվի, քննարկումներ անի: «Ֆեյսբուքում» տարբեր քննարկումներ են ծավալվել: Տարբեր խմբերի կողմից նամակներ են պատրաստվում, որոնք պիտի ուղղվեն նախագահին, վարչապետին, դատախազներին և բոլոր մնացյալ շահագրգիռ կողմերին, դրանք կարող են նաև հայտարարությունների տեսքով լինել: «Լույս» հիմնադրամի մի քանի շրջանավարտներ ևս պիտի հանդիպեն` քննարկելու իրենց հետագա քայլերը:
Ի դեպ, Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ: Նա նշել է, որ «մեղադրականն անտրամաբանական է և վստահություն չի ներշնչում հասարակությանը»:
Հիշեցնենք՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած և մագիստրոսի աստիճան ստացած Արամ Մուղալյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Նա մեղադրվում է խուլիգանության (ՀՀ Քր. Օր. 258 հոդված) և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու (ՀՀ Քր. Օր 185 հոդված) համար:










































