Համաձայն Հասարակական կարծիքի և մարքեթինգի ուսումնասիրության ինստիտուտի (IPM) հետազոտության, որն անցկացվել է Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի պատվերով, Վրաստանում ավելի մեծ պահանջարկ են վայելում տեղեկատվական հաղորդումները (հարցման մասնակիցների 88 տոկոս): Դրան հաջորդում են ժամանցային թոք-շոուները (51 տոկոս), գեղարվեստական ֆիլմերը (45 տոկոս), հումորային հաղորդումները (43 տոկոս), քաղաքական թոք-շոուները (42 տոկոս) և սերիալները (39 տոկոս): Այս մասին հաղորդում է Apsny.ge կայքը:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ դեֆիցիտային են ճանաչողական հաղորդումները (38 տոկոս), գեղարվեստական ֆիլմերը (22 տոկոս), մանկական հաղորդումները (17 տոկոս) և փաստագրական ֆիլմերը (16 տոկոս): Հատկանշական է, որ հարցման մասնակիցների ընդամենը 11 տոկոսն է դեֆիցիտային համարում հետաքննչական և վերլուծական հաղորդումները:
Ռադիոլսողների 61 տոկոսը ռադիո է լսում՝ երաժշտություն լսելու, իսկ 24 տոկոսը՝ տեղեկատվություն ստանալու նպատակով:
IPM-ը եզրակացրել է, որ հարցման մասնակիցների մեծամասնությունը փաստորեն ամեն օր դիտում է տեղեկատվական հաղորդումներ:








































