Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շրջաններից մեկում տեղի բնակիչները Լինչի դատաստանի են ենթարկել մանկապիղծի, հաղորդում է haqqin.az-ը:
Կայքի փոխանցմամբ՝ 33-ամյա Ա.Ե.-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ գործը բռնաբարության չի հասել, երեխային հաջողվել է փախչել և գանգատվել հորը, որը հավաքել է հարևաններին ու ընկերներին՝ սեփական ձեռքերով հանցագործին պատժելու համար:
Տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, որից հետո, ականատեսների խոսքով, շան վզկալ են հագցրել ու երկար ժամանակ քարշ տվել փողոցներով: Ապա տղամարդուն տարել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ տուժածը, որին տեղափոխել էին հարազատներից մեկի տուն, ստացված վերքերից մահացել է: Միաժամանակ vesti.az-ը, վկայակոչելով դատական փորձաքննությունը, հաղորդում է, որ մահվան պատճառ է դարձել թունավորումը: Այս կապակցությամբ ոստիկանությունում ենթադրել են, որ տղամարդն ինքնասպանություն է գործել:
Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ծեծի երեք մասնակից:











































