ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի նախկին պետ Մարիամ Գաբոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ եկել է՝ որպես արդեն պաշտոն չունեցող անձ՝ բարիդրացիական մթնոլորտում պարզաբանելու իր հրաժարականի մանրամասները, որպեսզի պատվեր կատարողներն իրենց վատ զգան:
Նա տեղեկացրեց,որ նոտարիատի բաժինը չի լուծարվել, այն պարզապես վերակազմավորվել է, և այժմ նախարարության կազմում ձևավորվել է նոտարիատի և զագսերի վերահսկողության բաժինը:
Գաբոյանն ընդգծեց, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 25-րդ հոդվածի, վերակազմավորման արդյունքում բաժիններում աշխատող մարդիկ պետք է ապահովվեն աշխատանքով, ինչը սակայն չի արել, և արդարադատության նախարարությունում գերադասել են նոտարիատի բաժնի երեք աշխատողներին ուղարկել քաղաքացիական ծառայության կադրային ռեզերվ:
Գաբոյանը նկատեց, որ այս փոփոխություններն իրականցվել են օրենքի խախտումով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը իր հետ ընդհանրապես չի խորհրդակցել և չի էլ տեղեկացրել պաշտոնանկության մասին, այդուամենայնիվ, Գաբոյանը չի պատրաստվում վիճարկել իր պաշտոնանկությունը, այլ, ինչպես ինքը նշեց, փորձում է այնպես անել, որ իր բաժնի երկու աշխատողները նորից աշխատանք ունենան:
Մարիամ Գաբոյանի խոսքերով, քաղաքացիական ծառայությունը, որի ռեզերվում է այժմ ինքը, Հայաստանում որևէ արժեք չունեցող հաստատություն է. «Եթե քաղծառայության խորհրդի նախագահը իրավունք չունի որևէ նախարարի ասել, որ վերջինս խախտում է Քաղաքացիական ծառայության մասին օրենքը և սխալ է գործում, ապա դա ավելորդ կառույց է»:










































