Բելառուսը կարիք չունի, որ Ռուսաստանը ճանաչի առաջիկա նախագահական ընտրությունները,-գերմանական թերթերի հետ հանդիպմանը ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ճանաչել-չճանաչելը Ռուսաստանի գործն է։ Դա իր սուվերեն իրավունքն է, և մենք դրան շատ ուշադիր ենք վերաբերվելու»,- հայտարարել է նա՝ նշելով, թե Բելառուսի օրենքներով կարիք չկա, որ ընտրությունները ճանաչի այս կամ այն երկիրը։ «Դուք (Եվրոպան) մեկուկես տասնամյակ չէիք ճանաչում, որ Բելառուս անունով պետություն գոյություն ունի, երբ խոսում էիք ընտրությունների մասին, և ի՞նչ։ Ես մահացա՞ դրանից»,-Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է Ինտերֆաքսը։ «Ինչո՞ւ պետք է անպայման ձեզ նման լինենք։ Չգիտեմ։ Մենք մեր ավանդույթներն ու մենթալիտետն ունենք, մենք մեր ժողովուրդն ու շահերն ունենք։ Եվ հենց այս և այլ հանգամանքներից ելնելով՝ մենք կառուցում ենք մեր կյանքն ու կառավարման մեր համակարգը»,- ասել է Բելառուսի նախագահը։