Թուրքիայում 59 տարեկան հասակում մահացել է Ռումինիայի քաղաքացի Ֆլորին Չաոբան, որը հայտնի էր որպես «բոլոր գնչուների ինքնահռչակ թագավոր»:
Այս մասին կիրակի օրը տեղեկացրել է Agence France-Presse-ը:
Չաոբան մահացել է Անթալիայում, որտեղ նա եղել էր ընտանիքի հետ: Օգոստոսի 13-ին նրան ինֆարկտով հիվանդանոց էին տեղափոխել: Նրա մահվան վերաբերյալ այլ մանրամասներ չեն տեղեկացվում: Ռումինացի գնչուի հուղարկավորության ամսաթիվը և վայրը նույնպես դեռ հայտնի չէ:
Չաոբայի հարազատներին իր ցավակցություններն է հայտնել անձամբ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն, որը նրա հրավերով մասնակցել է մի շարք գնչուական տոների:
Չաոբան ծնվել է 1954թ. գնչուական ազդեցիկ բարոնի ընտանիքում: 1997թ.՝ հոր մահից հետո, նա իրեն «ամբողջ աշխարհի գնչուների թագավոր» է հռչակել:
2003թ. նա իր 12-ամյա դստերը ամուսնացրել է 15-ամյա պատանու հետ: Այս որոշումը ամբողջ աշխարհում լայն քննարկումների առարկա էր դարձել, որից հետո Չաոբան ընդունեց իր սխալը և խոստացավ պայքարել երեխաներին ամուսնացնելու գնչուական ավանդույթի դեմ:
Դրանից բացի, Չաոբան հայտնի է նաև նրանով, որ կոչ է արել բոլոր գնչուական ընտանիքներին՝ իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նա հուսով էր, որ դա իր ժողովրդին կօգնի հաղթահարելու աղքատությունը:
2005թ. ռումինական խորհրդարանի ընտրություններում նա առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն չէր ընտրվել:
Ռումինիայում է բնակվում գնչուների ամենամեծ սփյուռքը: Երկրում անցկացված վերջին մարդահամարի արդյունքներով՝ այնտեղ ավելի քան 600 հազար գնչու է բնակվում: Միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռումինիայում նրանց թիվը հասնում է 2 միլիոնի:










































