Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Նա Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո 1968-ին ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։

Ասպիրանտական շրջանը անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ:

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևանի կենտրոնի շենքերի պատերին: Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) միջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:

1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը և Ստեփան Զատիկյանը:

1967 թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին:

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս անդամներն էին՝ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բանաստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արևելագետներ Նիկոլայ Գևորգյանը, Երջանիկ Աբգարյանը և Ժոզեֆ Ավետիսյանը: Ակումբի քննարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրոցական կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի և Հայաստանի ապագայի խնդիրները: Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից անկախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ:

1987 թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հասցեագրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշխատակիցների շրջանում:

1988 թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատենադարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պահանջագիր-նամակը:

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միության դահլիճում, և մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած համագումարներին: 1988 թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազմակերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ արտահերթ նիստ գումարելու և Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով: Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են՝ Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Հայկ Մինասյանը, Ալեքսանդր Թամանյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանուշակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժոզեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գևորգյանը, Արշակ Բանուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթևոսյանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լաճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը և այլք: 1988 թ. մարտ-մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հայաստանի մտավորականության ավագանու՝ Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զորի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մարգարյանի, Սեդա Վերմիշևայի հետ՝ նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին և սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստման և տարածման գործում:

1988 թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Սամվել Գևորգյանը և Սամսոն Ղազարյանը: Ելույթներով և ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հանրահավաքներում, հեղինակն է կոմիտեի և Հայոց համազգային շարժման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամավորական պատվիրանների և հասարակական պահանջագրերի:

1988 թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):

1988 թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գևորգյանի և Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստանում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով: Դրան նախորդել էր Ղարաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանուչարովի ձերբակալությունը:

1988 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 1989-ի հունվարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը և «Գթություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը:

1989 թ. հունվարի 9-10-ին բոլոր ձերբակալվածները տեղափոխվել են Մոսկվա և նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» և «Բուտիրյան» բանտերում: Երևանում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարետային ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկվել նաև Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից՝ Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետրոսյանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը և Սմբատ Հակոբյանը:

1989 թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազգային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի և Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել:

1989 թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարության օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել և չորս ամիս ապաքինվել Փարիզում:

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1989 թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը:

1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1990 թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբերակցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին:

1991 թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ:

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում:

1996 թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կանխորոշող բանաձևի վրա:

1998 թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով և երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից: Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաև հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ և պատասխանատու աշխատողներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդականներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը: 1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով և հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները և հայերը» երկհատորյակը: 2007 թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու:

2008 թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ:

2008 թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապօրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերում:

2008 թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխանությունների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել մի քանի տասնյակ մարդ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրինաբար Արտակարգ դրություն է հայտարարվել Երևան քաղաքում, և կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոնցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության:

2008 թ. մայիս-հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշվեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի և ասպարեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է և աստիճանաբար լայն թափ հավաքել:

2008 թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրապարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում:

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել: 2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում