Եգիպտոսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Մուսուլման եղբայրներ» շարժման 250 անդամների նկատմամբ, որոնց կասկածում են սպանության և ահաբեկչությունների մեջ: Այս մասին օգոստոսի 17-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով MENA տեղեկատվական գործակալությանը:
Ինչպես գրում է «Ալ-Արաբիա»-ն, կասկածյալները ձերբակալվել են հենց այն օրը, երբ ոստիկանությունը ձերբակալել էր Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի ավելի քան հազար կողմնակիցների: Միայն Կահիրեում ձերբակալվել էր 558 մարդ:
Օգոստոսի 17-ին ոստիկանները գրավել էին Կահիրեի Ալ-Ֆատահ մզկիթը, որտեղ բարիկադավորվել էին Մուրսիի կողմնակիցները: Նրանցից շատերը կալանավորվել էին: Ընդհանուր առմամբ մզկիթում, ուր ոստիկանները փորձում էին ներթափանցել օգոստոսի 16-ից, տարբեր տվյալներով՝ եղել են մի քանի հարյուրից մինչև հազար ցուցարարներ:










































