Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հեռախոսազրույցում քննարկելով Եգիպտոսի իրավիճակը, իրենց եվրոպացի գործընկերներին կոչ են արել խորհրդակցություններ սկսել հակամարտության լուծման համար: Համապատասխան կոմյունիկեն հրապարակվել է ուրբաթ օրը, հաղորդում է Ria Novosti-ն:
Նախագահը և կանցլերն առաջարկել են եվրոպական մակարդակով շտապ խորհրդակցություն հրավիրել Եգիպտոսի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կոչ են արել եվրոպական երկրների ԱԳ նախարարներին հնարավորինս շուտ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում բանակցություններ վարել՝ Եգիպտոսում ճգնաժամը հարթելու մեջ ԵՄ-ի մասնակցության վերաբերյալ համատեղ որոշումներ մշակելու նպատակով:
Համաձայն կոմյունիկեի՝ Օլանդը և Մերկելը «կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունը և վերադառնալ Եգիպտոսի բնակիչների միջև երկխոսության»: «Եգիպտոսը հնարավորինս շուտ պետք է վերադառնա իր ժողովրդավարական կյանքին»,- կարծում են Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները:
Օլանդի և Մերկելի հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փարիզի ժամանակով մոտ 14:15-ին: Մի քանի ժամ անց՝ 18:30-ին, Օլանդը հեռախոսազրույց կունենա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:








































