Օգոստոսի 14-ին արքայազն Ուիլյամն այցելել է Հյուսիսային Ուելսում Անգլսիի տոնավաճառ, որտեղ հպատակներին պատմել է իր նորածին որդու՝ Ջորջի մասին:
«Քեթրինը շատ է զղջում, որ չկարողացավ գալ այս տոնավաճառին: Չեմ կասկածում, որ նրան ու Ջորջին այստեղ դուր կգար: Ջորջը բավականին բարձր ձայն ունի, բայց, անկասկած, շատ գեղեցիկ է»,- նշել է Ուիլյամը:
Արքայազնը նաև ասել է, որ առաջին երկու շաբաթվա ընթացքում գիշերն ինքն է երեխային օրորել՝ թողնելով, որ Քեթրինը քնի: Իսկ հիմա, ծննդից երեք շաբաթ անց Ջորջի քունը կարգավորվել է:
«Նախկինում ինձ թվում էր, թե վտանգի մեջ հայտնված մարդկանց գտնելու և փրկելու օպերացիան շատ բարդ աշխատանք է, բայց երեք շաբաթ նորածին երեխայի հետ ապրելուց հետո, ես հիմա կասկածում եմ…»,- կատակել է Քեմբրիջի դուքսը:
Նա նաև հաղորդել է, որ հաջորդ ամսվա վերջին ինքը որդու և կնոջ հետ միասին կտեղափոխվի Լոնդոն, իսկ հաջորդ տարի ինքն ու Քեթրինը Ջորջին իրենց հետ կտանեն Իռլանդիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա՝ շրջագայության:










































