Աշխատանքային միգրանտներն իրենց ստացած եկամուտների մեծ մասը ծախսում են այն երկրում, որտեղ աշխատում են: Ըստ աշխատանքի միջազգային կազմակերպության իրականացրած հաշվարկների՝ միգրանտներն իրենց ընտանիքներին են ուղարկում ստացված եկամուտների միջին հաշվով ընդամենը 13%-ը: Այս մասին ասվում է «Արժանապատիվ աշխատանք որոնելիս. Աշխատանքային միգրանտների իրավունքները» գրքում, որի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Ըստ այդ գրքի, ԱՊՀ երկրների բնակիչները աշխատանքի են մեկնում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): ՌԴ-ն աշխարհում երրորդ խոշորագույն նպատակակետ երկիրն է միգրանտների համար` ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո: Ըստ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալների` ՌԴ-ում առանց հաշվառման բնակվում է 10-14 մլն մարդ: