Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ու Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին քննարկել են ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության զարգացումը։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամլո հաղորդագրությունում։
«Նրանք քննարկել են մոսուլյան գործողության հաջորդ քայլերը, ներառյալ Իրաքի և Իրաքյան Քրդստանի կառավարությունների միջև սերտ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Քարթերը երախտագիտություն է հայտնել ալ-Աբադիին համագործակցության համար։
Դա Քարթերի վերջին այցն է Իրաք որպես ԱՄՆ պաշտպանության նախարար։ Քարթերը պաշտոնը կլքի հունվարի 20-ին՝ Բարաք Օբամայի կաբինետի հետ։










































