Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը պաշտոնական այցով գտնվում էր Իռլանդիայում, որոշում է կայացրել ժամանակից շուտ լքել այդ երկիրն ու ուղևորվել Մեծ Բրիտանիա, քանի որ վտանգ կար, որ կփակվի Իռլանդիայի օդային տարածքը: Իսկ մեղավորը իսլանդական Գրիմսվոթն հրաբուխն է, որի արտանետած մոխիրը կամաց-կամաց հասնում է Եվրոպային: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երկուշաբթի երեկոյան Օբաման կրճատել է այցը և մեկնել Լոնդոն: Նախապես ծրագրված էր, որ ԱՄՆ նախագահը Լոնդոն կժամանի մայիսի 24-ին: Գործակալությունը հաղորդում է, որ Օբամայի շրջագայության մյուս ծրագրերը մնում են անփոփոխ:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ժայթքած Գրիմսվոթն իսլանդական հրաբուխը միլիոնավոր տոննա մոխիր է արտանետել մթնոլորտ, ինչը ստիպել է եվրոպական որոշ երկրների դադարեցնել օդային հաղորդակցությունը` հետաձգելով չվերթները: