Այս ամռան նորաձևության տենդենցներն ու դրա կիրառությունը գործնականում «Առաջին լրատվական»-ի հետ ամփոփեց «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը: Նրա կարծիքով՝ մեծ մասամբ նորաձևության տենդենցներն արդեն կիրառվում են առօրյայում: Կա մի խավ, որ բավականին ակտիվորեն հետևում է և՛ տենդենցներին, և՛ նորաձևության լուծումներին:
«Շատ եմ հանդիպում երիտասարդների՝ և՛ տղաներին, և՛ աղջիկների, որոնք արդեն բավականին նորաձև են հագնվում: Ոճային շատ ուղղություններ կային այս ամառ: Այդ բազմազանությունը շատ կարևոր է, որովհետև եթե տոտալ ինչ-որ մի ուղղություն է նորաձև՝ դա բոլորին կարող է չսազել, իսկ այս դեպքում կան մարդիկ, որ գիտեն իրենց ոճը և կարող են իրենց ոճի մեջ ընտրել»,- նշեց Կարինե Դնոյանը:
Նրա կարծիքով՝ ամռանը հիմնականում վառ գույներն են նախընտրելի, քանի որ ձմռանն ու աշնանը վառ գույներ այնքան էլ չեն կիրառվում, ինչպես նաև նորաձև են վառ գույների համադրությունները, որոնք հենց նոր են մտել նորաձևություն:
«Շատ ժամանակ ասում ենք, որ ամռանը գույները վառ են, բայց մի գույնն է կիրառելի, իսկ հիմա մի քանի վառ գույն մի հավաքածուի մեջ կարելի է օգտագործել, ուղղակի շատ զգույշ պետք է լինել, քանի որ դրանք շատ ակտիվ են, այսինքն՝ նույն չափով չպետք է լինեն, մի ակտիվ գույնը պետք է մեծ չափով լինի, մյուս երկու գույնը օգնականի դերում՝ աքսեսուարների դերում»,- ասաց Կարինե Դնոյանը:
«Ատեքսի» տնօրենի ներկայացմամբ՝ մյուս տենդենցը ծաղիկներն են և պուտերը, հիմնականում՝ ծաղիկները՝ սկսած ամենափոքր չափերից մինչև շատ մեծ, սա ոչ միայն շրջազգեստներին է վերաբերում, այլ նաև տաբատներին:
Նորաձև է սևի ու սպիտակի համադրությունը, սա հատկանշական է նաև աշնան տենդենցներին: Կարինե Դնոյանի խոսքերով՝ նորաձև է ամբողջովին սպիտակը՝ կոշիկից մինչև ծամակալ: Նա չմոռացավ հիշեցնել նաև այս տարի շատ նորաձև տարբեր գլխազարդերի ու ծամակալների մասին:
«Գերակշռող գույնը կանաչն է: Աշնանը կշարունակվի կանաչ գույնի տենդենցը, շատ նորաձև կլինի կանաչի և կապույտի համադրությունը, նորաձևություն կթափանցի նաև թանաքագույնը և դրա համադրությունը դարձյալ կանաչի հետ»,- նշեց Կարինե Դնոյանը:
Աշնան գույներն ավելի պասիվ կլինեն՝ ավելի մեղմ, «պաստելային» գույներ: Շատ նորաձև կլինի կաշին, շատ բարակ, կտորի նմանվող կաշիներից շրջազգեստները, բլուզները: Նորաձև կլինեն վանդակավոր գործվածքները:
Կարինե Դնոյանի ձևակերպմամբ՝ գրագետ հագնվողներ շատ կան։ Հիմնական սխալները, որ հանդիպում են փողոցում՝ առանց իրենց չափերին նայելու կիպ հագուստ կրելն է և ցածր գոտկատեղով տաբատներ հագնելը, որոնք թեև վաղուց դուրս են եկել նորաձևությունից, բայց դեռ կիրառվում են: Մարդիկ կան, որ ասում են, թե առանց դրանց չեն կարողանում: Կարինե Դնոյանի կարծիքով՝ այդ ցածր գոտկատեղով տաբատներն ավելի են կարճացնում աղջիկների ոտքերը:










































