ԱՄՆ-ը դատապարտել է շաբաթ օրը Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ նշելով, որ այդ հարձակումները նման են Սիրիայում, այսպես ասած, «կայանած» «Ալ-Քաիդայի» գրոհայինների կազմակերպած հարձակումներին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Վերջին տվյալներով՝ Բաղդադում 12 ականապատ ավտոմեքենաների պայթյունի հետևանքով 57 մարդ է զոհվել, առնվազն 150-ը՝ վիրավորվել:
«Այդ հարձակումները՝ մահապարտների և ականապատ ավտոմեքենաների կիրառմամբ, որոնք վերջին 3 ամիսների ընթացքում տեղի են ունեցել Իրաքում, ձեռագրով նման են: Դրանց մեծ մասն իրականացրել է «Ալ-Քաիդան Իրաքում» կազմակերպությունը: Այն գլխավորում է Աբու Բաքր էլ-Բաղդադին, որը հայտնի է նաև որպես Աբու Դուա: Նա այժմ Սիրիայում է գտնվում և փոխել է իր կազմակերպության անվանումը՝ այն վերանվանելով «Սիրիայի և Իրաքի իսլամական պետություն»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կտրուկ դատապարտում է «վախկոտ» ահաբեկչությունները, որոնք ուղղված են խաղաղ բնակիչների դեմ, ովքեր այդ ժամանակ նշում էին Իդ էլ-Ֆիթր տոնը: «Ահաբեկիչները, որոնք իրականացրել են այդ գործողությունները, իսլամի, ինչպես նաև Միացյալ նահանգների, Իրաքի և միջազգային հանրության թշնամիներն են»,- հավելել է Փսաքին:
Նա նշել է, որ Սիրիայում գտնվող Աբու Բաքր էլ-Բաղդադին պատասխանատու է մի շարք հարձակումների համար, այդ թվում՝ Իրաքի արդարադատության նախարարության և անվտանգության ուժերի, ինչպես նաև Աբու-Գրաիբ բանտի վրա հարձակվելու համար: ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգև է խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել ահաբեկչին:











































