Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, վրացական ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն պաշտոնապես հայտարարել է մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը, Թբիլիսիում կայանալիք ռազմական շքերթի խափանման պլանի մասին:
Այս մասին Բուրջանաձեն իրազեկել է Հանրային հեռուստատեսության մոտ հավաքված ցուցարարներին.
«Վաղը մենք դարձյալ կհավաքվենք այստեղ, իսկ մայիսի 25-ին կհավաքվենք «Ազատության» հրապարակում, որպեսզի թույլ չտանք (2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ) Գորիում ինքնաթիռներից մազապուրծ եղած երկչոտ գլխավոր հրամանատարին մայիսի 26-ին ընդունել ռազմական շքերթը:
Նրանք, ովքեր ֆիզիկապես չեն կարող Հանրային հեռուստատեսության շենքից հասնել «Ազատության» հրապարակ, ապա ավելի լավ է ուղիղ գնան նոր ակցիայի վայր: Սակայն ընդդիմության համար չափազանց կարևոր է, որ հազարավոր ընդդիմադիրները շարասյուներով գնան նոր հավաքման վայր»:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կայանալիք ռազմական շքերթին մասնակցելու են բոլոր զորատեսակները, ինչպես նաև ոչ թրթուրավոր ծանր տեխնիկան, հրետանին և ավիացիան: