Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար էլխան Պոլուխովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում համշենահայերի հնարավոր վերաբնակեցման խնդրին.
«Եթե հայկական կողմը Ղրղզստանում բնակվող համշենահայերին վերաբնակեցնի Լեռնային Ղարաբաղում, ապա պաշտոնական Բաքուն կձեռնարկի համապատասխան քայլեր:
Այդպիսի տեղեկատվությունը կրում է քարոզչական բնույթ: Հայաստանում այդ տեղեկատվությունը նախատեսված է ներքին լսարանի համար: Դա յուրօրինակ ազդանշան է՝ ուղղված ազգաբնակչությանը, որը չի ցանկանում վերաբնակվել Լեռնային Ղարաբաղում»:
Հիշեցնենք, որ համշենահայերն այժմ Թուրքիայում գտնվող Համշեն կենտրոնով համանուն գավառակի հայերի ժառանգներն են: Համշենը 8-րդ դարում հիմնել են հայ Համամ և Շապուհ Ամատունի իշխանները: Այն նախ կոչվել է Տամբուր, ապա՝ Համամաշեն, և, վերջապես՝ Համշեն:
1489 թվականին Օսմանյան կայսրությունը նվաճել է Համշենը: Մինչև 18-րդ դարը համշենցիների մի մասը բռնի մահմեդականացվել է, իսկ մեծ մասը ստիպված արտագաղթել է Վրաստան, Աբխազիա և Ռուսաստան, որպեսզի պահպանի իր հավատքը:
Համշենահայերի մի մասը քրիստոնյա է, իսկ մյուս մասը՝ մահմեդական: Այսօր Հայաստանում ապրում են 10,000 քրիստոնյա համշենցիներ: