Երևան. Մայիսի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվեց «Կառուցի’ր քո ապագան այսօր. կրթություն, զբաղվածություն, տնտեսություն» խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառը` ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ջանքերով:
Շուրջ 100 գործատուներ, 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններ և միջոցառման 10 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ տրամադրում էին խորհրդատվություն կարիերայի վերաբերյալ և օգնում էին ուսանողներին համապատասխանեցնել իրենց առարկայական ծրագրերը` թափուր աշխատատեղերին դիմելիս մրցունակ դառնալու նպատակով: Միջոցառման ժամանակ կազմակերպված սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին աշխատանքի որոնման, ինքնակենսագրական կազմելու, հարցազրույցի մասնակցելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու և գործատուներին պատշաճորեն ներկայանալու հմտություններ:
Միջոցառման բացման արարողության ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ջոն Սեոնգը նշեց, որ «ներկայիս մրցունակ աշխարհում Հայաստանն այսօր, ավելի քան երբևէ, կարիք ունի բիզնեսում, կառավարության մեջ, դատարաններում և դպրոցներում ներգրավել իր ամենախելացի և ամենաշնորհալի մարդկանց` բարձրացնելու երկրի մրցունակությունը, պատշաճ սոցիալական ծառայություններ տրամադրելու իր բոլոր քաղաքացիներին և կրթելու իր սաներին»: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչ Գոհար Սարգսյանն ասաց. «Սա ոչ միայն հրաշալի հնարավորություն է ուսանողների համար հանդիպել գործատուների հետ, ովքեր առաջարկում են աշխատատեղեր և մասնագիտական պրակտիկա, այլ նաև լավ առիթ է գործատուների համար` երիտասարդ սերնդին բացատրելու, թե ինչ աշխատեղերի կարիք ունեն և նրանց ներկայացնելու շուկայի միտումները»:
Տոնավաճառի կազմակերպումը իրականացվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի առևտրի և արդյունաբերության պալատի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի և Գլոբալ զարգացումների հիմնադրամի օժանդակությամբ:








































