Ինչպես հաղորդում է The New York Times-ը, մայիսի 22-ին Նյու Յորքի իր բնակարանում հայտնաբերվել է ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կոմպոզիտոր Ջոզեֆ Բրուքսի դին:
Թերթի տեղեկություններով, հիմնական վարկածն ինքնասպանությունն է: Նրա գլխին հագցված է եղել պոլիէթիլենային փաթեթ, որին խողովակով միացված է եղել հելիումով բալոնը: Բրուքսի կողքին էլ եղել է երեք էջանոց նամակ: Նամակի բովանդակությունը չի բացահայտվում, սակայն թերթին հայտնի է դարձել, որ Բրուքսը նամակում նշել է իր վատթարացող առողջության, ինչպես նաև մի կնոջ մասին, որը նրա հետ շատ կոպիտ է վարվել ու նրանից մեծ գումար գողացել:
Նա նաև խոսել է իր դեմ առաջ քաշված մեղադրանքների մասին, համաձայն որոնց, նա բռնաբարել է իր դերասանուհիներին: Նա հույս էր հայտնել, որ իրեն կարդարացնեն: Տեղեկացնենք, որ 2006 թ. սկսված այս գործով նրան մեղադրանք էր առաջադրվել, համաձայն որի՝ նա բռնաբարել էր 13 դերասանուհիների` խորամանկությամբ նրանց բերելով իր բնակարան:
Իր կարիերայի ընթացքում Ջոզեֆ Բրուքսը նկարահանել է 5 ֆիլմ: 1977 թ. «Դու լուսավորում ես իմ կյանքը» (You light up my life) ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի: Նա նաև արժանացել է «Գրեմմի» մրցանակի, այս անգամ՝ որպես կոմպոզիտոր: