Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդի նիստի շրջանակներում ԱՄՆ եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ, որտեղ արծարծվել են Հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրագործումը դեպի արեւելք տեղափոխելու Վաշինգտոնի ծրագրերը: Այս կապակցությամբ Անկարան իր մտահոգությունն է հայտնել` պաշտպանելով իր մերձավորարեւելյան գործընկերների շահերը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է հակահրթիռային ծրագրերն իրականացնել այն շրջաններում, որոնք կպաշտպանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ հնարավոր է՝ այս ծրագրին միանա նաեւ Ռուսաստանը:
Թուրքիայի վերջին տարվա արեւելյան քաղաքականությունը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել Թուրքիայի արտաքին քաղաքան ծրագրերի վրա: Թուրքական կողմի կարծիքով, այս ծրագրի մեջ Թուրքիայի ընդգրկումը հարված կարող է հասցնել հատկապես Իրանի հետ հարաբերություններին: Թուրքական իշխանությունները Բրյուսելի հանդիպումից միայն մի քանի օր առաջ են որոշում կայացրել մասնակցելու դրան: Թուրքիան նաեւ ցանկանում է ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ քննարկել Հակահրթիռային պաշտպանության ծրագրին թուրքական կողմի հնարավոր մասնակցության տարբերակներն ու աստիճանը: