Այսօր Նալբանդյան 106 հասցեի բնակիչները բողոքի գործողություններով զուգորդված շաբաթօրյակ էին կազմակերպել: Հիշեցնենք, որ վերոնշյալ հասցեում դեռևս ամիսներ առաջ գտնվում էր ոստիկանությանը պատկանող մանկապարտեզը, որը իշխանական գործարքների արդյունքում վաճառվեց անհայտ մեկին, իսկ «ԱվագՇին» շինարարական կազմակերպությունը ներկա պահին այդ հասցեում շինարարական աշխատանքներ է իրականացնում:
Նախատեսված է այդ տարածքում կառուցել 2 էլիտար շենք: Այս գործարքի արդյունքում ոչ միայն երեխաները զրկվեցին մանկապարտեզից, այլև ոչնչացվեցին մի շարք հաստաբուն ծառեր, իսկ ապագա շենքը իր առկայությամբ փակելու է մյուս շենքերի լուսավորությունը:
Բնակիչները նախօրոք նամակ էին փոխանցել շինարարական կազմակերպությանը և պահանջել, որ դարպասները բացեն շաբաթօրյակը անցկացնելու համար, սակայն այսօր նրանց պատճառաբանեցին, որ բանալիներ չունեն, ուստիև բնակիչները ստիպված եղան պատերի վրայով մուտք գործել մանկապարտեզի նախկին տարածք և իշխանությունների հրահանգով փորած փոսը լցրեցին:
Առաջարկում ենք յուրօրինակ բողոքի գործողությանը ծանոթանալ տեսանյութի միջոցով: