«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ երեկ Կապանում «Գանձասար» ակումբի նախագահ և հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Գանձասար» ակումբի գրասենյակում քննարկում էին թիմի՝ Հայաստանի առաջնությանն իրենց մասնակցությունն ընդհատելու հարցը:
Երեկ ժամեր տևած խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ թիմը կմասնակցի «Շիրակ»-ի հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը, սակայն վերջնական որոշումը կլինի, երբ ՀՖՖ-ն կպատասխանի ակումբի նամակին:
«Մենք նամակ ենք ուղարկել ՀՖՖ, որում խնդրել ենք վերանայել կարգապահական կոմիտեի որոշումը, և միայն այն վերանայելուց հետո կշարունակենք հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Երեկ ակումբի նախագահի հետ որոշել ենք մասնակցել առաջիկա հանդիպմանը, քանի որ գտանք, որ մարզական տեսանկյունից սխալ կլինի չմասնակցելը: Սակայն, եթե ՀՖՖ-ն չփոխի իր որոշումը, ապա մենք դուրս կգանք առաջնությունից»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Գանձասար» ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը: