ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուին
Մեծարգո պարոն նախագահ,
Ես՝ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, դիմում եմ Ձեզ Եվրոպայի հայկական համայնքների անունից` պահանջելով միջամտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանության և լարվածության գործունեության հարցում: Մենք արդեն հանդես ենք եկել հայտարարությամբ հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիևի կողմից ոտնձգությունների և բացառիկ անմիտ ու անհիմն հայտարարությունների շուրջ: Նկատի ունենք Հայաստանի հարավային շրջանների և Երևանի մասին Ալիևի արտահայտած մտքերը, որոնք չենք ուզում մեկնաբանել: Դուք անձամբ պետք է շատ ավելի զգայուն լինեք հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրի հարցում, հատկապես, երբ այդ պահանջները ծիծաղելիության մակարդակի մտացածին են և հերյուրանքների տպավորություն են թողնում:
Մենք խնդրում ենք ըմբռնումով մոտենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան հայտարարությանը, որտեղ, հիմնվելով բացառիկ խորը գիտական` պատմական և լեզվաբանական անհերքելի փաստերի վրա, տրվել է պատասխան` պարզաբանելով հայկական էթնոսի ծագումնաբանության և պետականության կարճ նկարագիրը: Մենք համամիտ ենք ՀՀ նախագահի հետ և համարում ենք, որ յուրացնելով հարևան երկրների պատմությունը և այն սեփականացնելու համար կազմակերպելով մշակույթային ցեղասպանություն (Նախիջևանի հազարամյա խաչքարների և այլ մշակույթային կոթողների ոչնչացմամբ)՝ Ադրբեջանի նախագահը առաջացնում է զայրույթ ոչ միայն հայերի, այլև իրանական Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մի շարք ազգային փոքրամասնությունների շրջանում: Կարծում ենք՝ Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը կասեցնելու և խաղաղությունն ապահովելու համար:
Այս հարցում ԵՀՄՖ-ը, Ձեր դերը դիտարկելով շատ բարձր, ակնկալում է անկողմնակալ, արհեստավարժ միջամտություն, որի համար նախապես հայտնում ենք մեր խորին շնորհակալությունները:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան