Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, երեկ երեկոյան Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Ռուսաստանի ու Եվրոպայի հետ Վրաստանի ունեցած հարաբերություններին.
«Ռուս զավթիչները իսկական որս են կազմակերպել անտառում կանաչի հավաքող մեր խաղաղ բնակիչների նկատմամբ։ Ինչպե՞ս անվանել այն մարդկանց, ովքեր անտառում դարան են պատրաստել մեր երեխաների համար, ապա ինքնաձիգներով գնդակոծել նրանց»։
Բուզեկը Սաակաշվիլիին խորհուրդ է տվել սպասել հետաքննության արդյունքներին և նոր հայտարարություններ հնչեցնել այդ կապակցությամբ։
Սաակաշվիլին հերթական անգամ ընդգծել է, որ Վրաստանը կողմնորոշված է դեպի եվրոպական ընտանիք, և որ այդ ընտրությունը կատարել է վրաց ժողովուրդը։
Սաակաշվիլին Բուզեկին անվանել է Վրաստանի ընկեր՝ նշելով.
«Ձեր նախագահության ժամանակ Եվրախորհրդարանը ձեռք է բերել հատուկ դեր ու գործառույթներ։ Դուք այն մարդն եք, ով հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու արդարությանը։ Մենք ցանկանում ենք դառնալ եվրոպական ընտանիքի մի մասը և մեծ հույսեր ենք կապում Ձեզ հետ»։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին՝ ժամը 8-ին, Սաչխերի շրջանի Չալվանի գյուղում հինգ երիտասարդներ (17-27 տարեկան) դեղաբույսեր հավաքելու նպատակով գտնվել են շփման գծի անմիջական հարևանությամբ։ Այդ ընթացքում ռուս զինվորականները փորձել են ձերբակալել նրանց, սակայն նրանք փախուստի են դիմել։ Ռուս զինվորականներն էլ կրակահերթ են արձակել նրանց հետևից։