Интерфакс-ին տված հարցազրույցի ժամանակՎրաստանի անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն անդրադարձել է Վրաստանի ներքաղաքական խնդիրներին.
«Վրացական իշխանություններն իրավունք չունեն հայտարարելու երկրում հաջողությամբ իրականացված բարեփոխումների մասին: Այսպես կոչված` վրացական հաջող բարեփոխումները ոչինչ չարժեն` համեմատած Աբխազիայի ու Հարավային Օսիայի կորստյան հետ:
Ո՞ւմ է պետք կաշառք չվերցնող ոստիկանը, երբ երկիրը գտնվում է մասնատված վիճակում: Ո՞ւմ են պետք ժամանակակից խճուղիները, եթե մենք չենք կարող այցելել Սուխում կամ Ցխինվալ:
1930-ական թվականներին Գերմանիայում նույնպես անցկացվեցին բարեփոխումներ, այնտեղ նույնպես կառուցվում էին ժամանակակից ավտոճանապարհներ, իսկ ոստիկանությունը կաշառք չէր վերցնում:
Դրա համար իրեն երջանիկ էր համարում երկրի մեծ մասը, ինչպես նաև աշխարհը: Սակայն որոշ ժամանակ անց այդ իշխանությունը չարիք դարձավ համայն աշխարհի համար, և հաղթանակի համար պահանջվեցին վիթխարի ջանքեր ու մարդկային վիթխարի կորուստներ: Նույն իրավիճակն այժմ տիրում է Վրաստանում»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ գրեթե բոլոր հետխորհրդային երկրներն ընդօրինակում են վրացական բարեփոխումները: