Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այսօր Թբիլիսիում կայացած Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վրաստանի ժողովրդավարական խնդիրներին.
«Վրաստանին անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել դատական համակարգի, օրենքի գերակայության ու բազմակարծիք լրատվամիջոցների ոլորտներում: Վրաստանը հաջողությամբ իրականացրել է մի շարք բարեփոխումներ և այժմ դրանք պետք է ամրագրի նոր բարեփոխումների միջոցով: Այդ բարեփոխումները կնպաստեն եվրոպական կառույցներին Վրաստանի ինտեգրմանը»:
Բուզեկը նաև վրացական իշխանություններին կոչ է արել համագործակցել ընդդիմության հետ. «Այդ համագործակցությունը կհանգեցնի երկրի տնտեսական աճին: Մենք ոչինչ չենք ցանկանում պարտադրել Վրաստանին, մենք պարզապես ցանկանում ենք, որ այդ բարեփոխումները բխեն Վրաստանի ժողովրդից ու իշխանություններից:
ԵՄ-ի ու Վրաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը կարելի է համարել բավարար: Մոտ ապագայում այդ համագործակցությունն առավել կխորացվի ու կամրագրվի»:
Հիշեցնենք, որ Արևմուտքում տարածված կարծիքներից մեկի համաձայն` հեռանկարում ԵՄ-ին Վրաստանի անդամակցելն առավել իրատեսական է դիտվում, քան ՆԱՏՕ-ին անդամակցելը: