Հայաստանի կառավարությունը նախապատրաստում են կառուցվածքային հերթական փոփոխության, որի ընթացքում ի հայտ կգան նախարարությունների նոր անուններ կամ նոր անուններով նախարարություններ, իսկ մի նախարարություն կդառնա պատմություն: Խոսքը քաղաքաշինության նախարարության մասին է, որ ծրագրվում է վերածել կոմիտեի: Իսկ նոր անուններ կստանան էներգետիկայի նախարարությունը, որը կդառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ նորը այստեղ ենթակառուցվածքներն են, նոր կլինի կապի ու տրանսպորտի նախարարությանը կցվող «տեղեկատվական տեխնոլոգիաների» արտահայտությունը, և նոր կլինի ներդրումների ու ձեռնարկատիրության աջակցության նախարարությունը: Դա էլ էկոնոմիկայի նախարարության նոր անվանումն է:
Նոր կառուցվածքում նորությունները, ինչպես ասում են, բավականին շատ են, սակայն կարևոր է, թե ինչ նորություն կպարունակեն դրանք գործունեության արդյունքի մասով: Բանն այն է, որ Հայաստանի կառավարության կառուցվածքային փոփոխությունները անընդհատ կրկնվող մի գործընթաց են, որոնք բացի քաղաքական մոտիվներից՝ մինչ այժմ աչքի չեն ընկել որևէ այլ բանով, որը շոշափելի կլինի հանրության համար: Օրինակ՝ երբ էներգետիկայի նախարարությանն ավելացավ բնական պաշարների մասը, դրանից Հայաստանի ո՛չ էներգետիկայի վիճակը բարելավվեց, ո՛չ բնական պաշարների ու բնության վիճակը: Երբ արտակարգ իրավիճակները միացան տարածքային կառավարմանը, իսկ հետո բաժանվեցին, դրանից շահեց միայն ՀՅԴ-ն, որը ստացավ մի նախարարական պորտֆել: Այդպես կարող ենք թվարկել կառուցվածքային բազմաթիվ փոփոխություններ, որոնք, սակայն, այս կամ այն քաղաքական խմբին գոհացնելու, քաղաքական այս կամ այն բևեռների միջև պայմանավորվածությունների և փաթեթի մաս հանդիսանալու խնդրից բացի՝ ուրիշ խնդիրներ, կառավարության արդյունավետության բարձրացման հարցեր չեն լուծել:
Ներկայումս էլ, ըստ էության, տեղի է ունենում ներիշխանական լայն վերադասավորում, և այս տեսանկյունից միանգամայն սպասելի է, որ դրանում անկասկած ներգրավվածություն պետք է ունենար նաև կառավարման կառուցվածքի փոփոխության հարցը: Այդպես ինչ-որ խմբի կամ շերտի ներիշխանական ազդեցությունը թուլանում է, մյուսինը՝ ավելանում: Մնացյալն արդեն նպատակների հարց է, թե՝ որ խումբն ինչ նպատակներ է հետապնդել, կամ ավելի շուտ՝ ինչ նպատակներ է հետապնդում այն ուժը, որի դիրքերը նոր կառուցվածքային փոփոխություններով ավելի են ամրանալու: Ընդ որում, խոսքը հայտարարված նպատակների մասին չէ, քանի որ, ըստ էության, ոչ մի իշխանական և ընդհանրապես ոչ մի քաղաքական խումբ էլ Հայաստանում վատ նպատակների մասին չէ, որ հայտարարում է: Պարզապես խնդիրն այն է, որ լավ նպատակները կարծես թե այնքան էլ հաճախ կյանքի չեն կոչվում:
Ինչ է տարբերվելու այս անգամ: Սա մի հարց է, որը Հայաստանի դեպքում սպառնում է լինել հավերժական: Ակնհայտ է, որ հասարակությունն այդ առումով ամենևին լավատես չէ իր սպասումներում, թեև յուրաքանչյուր փոփոխություն ինքնին՝ անկախ բնույթից և մոտիվներից, թեկուզ շատ թույլ, այնուամենայնիվ՝ շոշափում է հասարակական ինչ-որ հույսեր՝ գտնելով դրանք մարդկանց ենթագիտակցական կամ բնազդային խորքերում:
Որպես կանոն, սակայն, փոփոխությունները միշտ բավարարում են իշխանական բնազդները, իսկ մարդկայինը կամ քաղաքացիականը մնում է անտեսված: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այսպես հետևողականորեն անտեսելով մարդկային բնազդները՝ իշխանությունն իրավիճակը հասցրել է այն աստիճանին, երբ մարդկանց մեջ արդեն իսկ առաջացել է մարդկային և վայրի բնազդների պայքար, իսկ սա արդեն շատ վտանգավոր է:
Պետք է հուսալ, որ իշխանությունը ոչ միայն ճառերով, այլև իրապես գիտակցում է այդ վտանգը, և ներկայիս փոփոխությունները կբավարարեն հասարակ քաղաքացիների մարդկային բնազդի մարող նշույլները՝ թույլ չտալով դրանց մոխրանալ, քանի որ երբ դրանք են արդեն վերածվում մոխրի, դա արդեն սպառնում է պետության մոխրացմամբ:








































