Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, գոհունակություն հայտնեց իր ղեկավարած կառույցի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է կազմակերպության շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդեսը քննարկեցին Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, կառույցի ինստիտուցիոնալ բարեփոխմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի` 2015-2017 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։











































