Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ «կանխակալ» դիրքորոշման համար և քննադատել է արևմտյան այլ կառույցների, որոնք հայտարարություններ են տարածում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին:
Ալիևը հայտարարել է, որ ներկայիս հանդիպումը կդառնա լավ հնարավորություն՝ բաց քննարկումներ ծավալելու դիրքորոշումների պարզեցման և ապագա աշխատանքների ծրագրման համար:
Ալիևը «թշնամական ակտ» է որակել մեկ տարի առաջ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը հարված է հասցրել Ադրբեջանի հեղինակությանը և լուրջ հետընթացի պատճառ հանդիսացել երկկողմ հարաբերություններում:
Ադրբեջանի նախագահն իր անհամաձայնությունն է հայտնել այն թեզիսին, որ վերջին 5 տարում Ադրբեջանում վատթարացել է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Նա հերքել է, որ Ադրբեջանում լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հետևողականորեն ենթարկվում են հալածանքների:










































