ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները վաղ են համարում Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքումը։
Նրա խոսքով՝ ռազմական համագործակցությունը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել էին ԱՄՆ-ը և Ռուսաստանը, պետք է սպասի հրադադարի պայմանավորվածությունների կատարմանը։
Ռոդսը նաև նշել է ԱՄՆ անհանգստությունը «բարի կամքի ոգով գործելու Ռուսաստանի անկարողության» առնչությամբ։ Նա հավելել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմի հասնելու հնարավորություններ դեռևս մնացել են։
Ավելի վաղ Ռոդսը հայտարարել էր, որ Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական շարասյանն ավիահարվածը կարող են հասցրած լինել կա՛մ ռուսական, կա՛մ սիրիական ուժերը՝ հստակեցնելով, որ հարձակման պատասխանատվությունը ցանկացած դեպքում դնում են Ռուսաստանի վրա։









































