Թուրքիան առաջատար է երկրների թվում՝ ընդունելով ամենից շատ փախստականների։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի (UNIC) Մարոկկոյի գրասենյակի ղեկավար Ֆեթհի ալ-Դեբադին Ռաբատում տեղի ունցած մամլո ասուլիսում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ալ-Դեբադիի խոսքով՝ Թուրքիային հաջորդում են Պակիստանը, Լիբանանը, Իրաքը, Եթովպիան, Հորդանանը, Քենիան, Ուգանդան, Չադն ու Սուդանը։
Նա նշել է, որ ամեն րոպե աշխարհում փախստական կամ ներքին տեղահանված է դառնում 24 մարդ։
Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման ու ոչնչացման վարչության տվյալներով՝ երկրում ներկայումս կան 3 մլն սիրիացի փախստականներ։ Թուրքիան նրանց պահելու համար ծախսել է ավելի քան 10 մլրդ դոլար։










































