New York Times-ի և CBS News-ի համատեղ հարցման արդյունքներով՝ ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են ոչ անվտանգ ընտրություն երկրի համար:
Հարցվածները պատասխանել են հարցին՝ «Հիլարի Քլինթոնի/Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը համարում եք անվտա՞նգ, թե՞ ռիսկային ընտրություն երկրի համար»: Հարցվածների ավելի քան 67%-ը Թրամփին համարում է ռիսկային թեկնածու առաջիկա ընտրություններում, 51%-ն այդպիսի կարծիքի է Քլինթոնի մասին:
Հարցվածների մեծ մասը կարծում է, որ միլիարդատերը ռիսկային ընտրություն է որպես նախագահ, քանի որ նա չունի նախագահին անհրաժեշտ խառնվածք ու որակներ: Սակայն հարցված ամերիկացիները նշել են, որ նա Քլինթոնից լավ է գլուխ հանում տնտեսական խնդիրներից:
ԱՄՆ բնակիչների մեծ մասը նաև հայտարարել է, որ Քլինթոնին և Թրամփին չի համարում ազնիվ և վստահության արժանի. հարցվածների 63%-ը և 60%-ը՝ համապատասխանաբար:
Պարբերականը հայտնում է, որ հարցվածների միայն 36%-ն է հավատում, որ Քլինթոնը կկարողանա փոփոխություններ մտցնել ստեղծված քաղաքական իրավիճակում Վաշինգտոնում, իսկ 48%-ը վստահ է, որ դա Թրամփը կհաղթահարի:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 9-13-ը, մասնակցել է 1433 գրանցված ընտրող:











































