Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Մելքումյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին և վերադառնալու որոշումն էլ ինքը պետք է կայացնի: «Դուք գիտեք, որ նա հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Հիմա կվերադառնա նա քաղաքականություն, թե ոչ, ինքն է որոշելու, ես չեմ կարող որևէ բան ասել»,– ընդգծեց պատգամավորը:
Նա հավելեց, որ իրենք միշտ մարզեր են այցելում, հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ: «Դուք պետք է տեսնեք, թե ինչպես են մեզ դիմավորում մարզերում: Ես ասեմ` անգամ մարզեր կան, որտեղ մարդիկ տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը հեռացել է քաղաքականությունից և շարունակում են կուսակցությունը կապել նրա անվան հետ»,- եզրափակեց պատգամավորը:









































