Տրանսպորտային անվտանգության հարցերով ավստրալական բյուրոյի քննիչները, որոնք համագործակցում են մալայզիական MH370-ի օդանավի անհետացման հետաքննության խմբի հետ, պարզել են, որ Տանզանիայում գտնված ինքնաթիռի բեկորների սերիական համարները համապատասխանում են անհետացած Boeing 777-ի մասնիկներին: BERNAMA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը:
«Մասնիկներից մեկի վրա հայտնաբերված ժամանակը նշող կնիքը (նաև) նշում է պատրաստման ամսաթիվը՝ 2002թ. հունվարի 23, ինչը համապատասխանում է MH370-ի մատակարարման ամսաթվին՝ 2002թ. մայիսի 31»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ բյուրոն կարողացել է պարզել ինքնաթիռի՝ հունիսի 20-ին Տանզանիայում գտնված մի քանի մասնիկների սերիական համարները: Ընդ որում՝ պարզվել են ոչ միայն Boeing կոնցեռնի սերիական համարները, այլև մասնիկներից մեկն արտադրող իտալական ընկերության կնիքը, որը նույնպես հաստատել է համընկնումը՝ հավելել է նա:
Boeing 777-200 օդանավը Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ էր իրականացնում 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամներով: Այն անհետացել է 2014թ. մարտի 8-ի երեկոյան: Ենթադրաբար, օդանավը կործանվել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում:











































