Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, գործազրկության մակարդակը կազմել է 18.7%, որը 2008 թ. համեմատ աճել է 2.3 տոկոսային կետով: Տնտեսապես ակտիվ տղամարդկանց 17.8%-ը, իսկ կանանց` 19.9%-ը եղել են գործազուրկ: Եթե ըստ սեռային կազմի ցուցանիշը բաշխվել է գրեթե հավասարաչափ, քաղաքային-գյուղական գործազրկությունը խիստ տատանվել է։
Քաղաքային գործազրկության մակարդակն (27.3%) ավելի քան 4 անգամ գերազանցել է գյուղական բնակավայրերի (6.3%) նույն ցուցանիշին, ինչը հիմնականում պայմանավորված է ցածր արտադրողական գյուղատնտեսական գործունեության մեջ գյուղական բնակչության լայնամասշտաբ ներգրավվածությամբ:
Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը 2008 թ. համեմատ աճել է 1.7 տոկոսային կետով: Տնտեսապես ոչ ակտիվ կանանց թվաքանակը կրկնակի գերազանցել է տղամարդկանց նույն ցուցանիշին. այն է` 978,900 ոչ ակտիվ բնակչության 66.0%-ը եղել են կանայք, իսկ 34.0%-ը` տղամարդիկ:
Տնտեսապես ոչ ակտիվ կանանց մեկ երրորդը եղել են տնային տնտեսուհիներ: Միևնույն ժամանակ, քաղաքային բնակավայրերում տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը (76.0%) երեք անգամ գերազանցել է գյուղական բնակավայրերի (24.0%) ցուցանիշը: