Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Կրեմլը վերախմբագրո՞ւմ է քառօրյա պատերազմի մեղքերն ու հետքերը, թե՞ Հայաստանում սադրում նախընտրական նոր կրքեր

Հայաստանի իշխանություններին մեղադրանք է հասցեագրվում, որ երկրի նախագահն ուռճացված տարածքային կորուստի փաստով հանրության մեջ սանձազերծել է լարվածություն և այն օգտագործել է քաղաքական նպատակներով, որոնք անհայտ են մնում, ասել է թե` բացահայտման կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը
Լուսանկար: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը

Սեպտեմբերի 10-ին Ռեգնում ինֆորմացիոն գործակալության OSTKRAFT վերլուծական կենտրոնը «Հայաստանի նախագահը չափազանցեցրել է Ղարաբաղի տարածքային կորուստները» վերնագրով սենսացիոն լուր է հրապարակել. հղում կատարելով «ԼՂՀ Պաշտպանության բանակում իր ինֆորմացիոն աղբյուրների վրա», կենտրոնը հայտարարել է, որ «2016թ. ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կարողացել է գրավել ընդամենը 350 հեկտար տարածք, այլ ոչ թե 800 հետկար, ինչպես դրա մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»:

Անանուն աղբյուրի տրամադրած տեղեկատվությունը հիմնավորելու համար վերլուծական կենտրոնը հավելել է. «Ավելին, 800 հեկտար չի կորսվել, նույնիսկ եթե հաշվի առնենք այն չեզոք գոտին, որը, բնականաբար, այժմ անցնում է Ղարաբաղի տարածքի մի մասով: «Չեզոք գոտու» հաշվառումով հայկական զինված ուժերը կորցրել են 550 հեկտար»:

Մինչ հրապարակված փաստի վերլուծությանն անցնելը, արժե նկատել, որ OSTKRAFT-ն ինքն է “տարօրինակ փաստի” կապակցությամբ հարցադրում առաջ քաշել ու պատասխանել դրան. «Թե ինչի՞ հետ է կապված կորուստների նման ուռճացումը և Հայաստանի նախագահի կողմիցհանրության մեջ լարվածության փաստացի սանձազերծումը, դժվար է ասել. խոսքը կարող է գնալ կամ սխալի մասին (այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու չեն այն հերքել), կամ էլ մտածված քայլերի մասին, որոնք  քաղաքական նպատակներ են հետապնդում (ինչն ավելի հավանական է): Հավանական է, Սարգսյանը խնդիր ուներ ցույց տալու, թե ԼՂՀ-ը պատրաստ չէր Ադրբեջանի հետ պատերազմելուն, հետևաբար, պետք է ինչ-որ զիջումների գնալ»:

Թե ինչու է ռուսական կողմը «800 հա տարածքային կորստի» շուրջ հետաքննություն սկսել և ինչ նպատակներ է հետապնդում թեման արդիականացնելով, թերես ոչ պակաս կարևոր է, քան ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում կորսված տարածքների իրական ծավալների, և, ընդհանրապես, ապրիլյան քառօրյա պատերազմը հնարավոր դարձրած աշխարհաքաղաքական բոլոր գործոնների ու համալիր պատճառների  պարզումը:

Հրապարակումն ուղղակիորեն Հայաստանի իշխանություններին ուղղված մեղադրանք է պարունակում այն առումով, որ Հայաստանի նախագահն ուռճացված տարածքային կորուստի փաստով հանրության մեջ սանձազերծել է լարվածություն և այն օգտագործել է քաղաքական նպատակներով, որոնք անհայտ են մնում, ասել է թե` բացահայտման կարիք ունեն: Որքան էլ Կրեմլի խոսափողը դրա տակ ակնարկում է «հայ հասարակությանը զիջումներին հակելը», միևնույնն է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցած բազմաշերտ զարգացումների ու հետևանքների համակողմանի վերլուծությունն այլ բան է ցույց տալիս. Կրեմլում իրականում կասկածում են ճիշտ հակառակը, հատկապես, երբ ապրիլյան պատերազմից հետո Արցախի հարցում ռուսական դավադրության վարկածում հայ հասարակության ու Հայաստանի իշխանության բարձրաձայնումներն ու մեղադրանքները համընկնում են, իսկ Մոսկվայում ակնհայտորեն անհանգստացած են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճով…

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ. ՀԱԿԱՍՈՂ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

ՀՀ նախագահի կողմից տարածքային կորուստների բարձրաձայնումը հայ հասարակության մեջ թեժացրեց հանրային բանավեճն ու ալեկոծությունը՝ հանգեցելով թե՛ իշխանություններին, թե՛ Ռուսաստանին ուղղված կոշտ քննադատությունների, ընդհուպ դավաճանության մեղադրանքների:

Ոչ միայն Հայաստանում, այլ ընդհուպ Արցախում առավել արմատներ տարածած վարկածը հետևյալն էր. Հայաստանի իշխանությունները (այս վարկածի որոշ մոդիֆիկացիայի դեպքում ԼՂՀ իշխանությունների հետ միասին) դավադրության մեջ են մտել արտաքին ուժերի, մասնավորապես  Ռուսաստանի հետ այն բանի շուրջ, որ պայմանավորված լոկալ պատերազմի միջոցով տարածքներ վերադարձվեն Ադրբեջանին, քանի որ Հայաստանի ու Արցախի բնակչությունը հավանություն չի տա բանակցային եղանակով տարածքների հանձնմանը: Համաձայն այս վարկածի` դա չի ստացվել, քանի որ ռազմավարական ու մարտավարական բնույթի որոշումներն իրենց վրա են վերցրել սպայական անձնակազմն ու հերոսական կռիվ մղած հայ զինվորները` գրեթե ամբողջությամբ վերականգնելով կորսված դիրքերն ու անցնելով արդյունավետ հակահարձակման, որը, սակայն, վերջին փուլում կանխվել է Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված կրակի դադարեցման արդյունքում:

“Արցախի դեմ դավադրության” այս վարկածին սպասարկելու էր գալիս ռազմաճակատի որոշ հատվածներում զինվորական սպայակազմի դրսևորած վարքագծերի տարբերությունը. հայկական որոշ զինվորական ստորաբաժանումների հաջողվել էր 100 տոկոսով հետ մղել հակառակորդին ու վերադառնալ ելակետային դիրքերին` ստատուս քվոյին, մինչդեռ որոշ հատվածներում, ավելի ստույգ հյուսիս-արևելքում` Թալիշի հատվածում, և հարավում` Ջրականի/Ջաբրայիլի հատվածում մարդուժի և տեխնիկայի կորուստներից զատ արձանագրվել էին նաև տարածքային կորուստներ (Վարազաթումբ կամ Կակաչասար բլուրը և այլն):

Արցախի որոշ հատվածներում տարածքային խնդիրների մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց ապրիլի 3-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում: Այդ օրը Հայաստանի նախագահն ընդամենն ակնարկեց Արցախի հյուսիսում ու հարավում պահպանվող լարվածության մասին:

Թեպետ, ինչպես հետագա բարձրաձայնումները ցույց տվեցին, այդ օրվա դրությամբ ադրբեջանական զինուժն ունեցել էր լուրջ տարածքային նվաճումներ, որոնց մասին, սակայն, բարձրագույն մակարդակով չխոստովանվեց ընթացքի մեջ գտնվող հակահարձակման ու դիրքերը վերականգնելուն ուղղված ռազմական գործողությունների պատճառով:

Արդեն ապրիլի 4-ի երեկոյան՝ ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածքային կորուստների կապակցությամբ հայտարարեց հետևյալը. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները «չեն ազատագրել»,  և այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված՝ հարավում և մի փոքրիկ հատված՝ հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:

Միջազգային հեղինակավոր զեկույցներից, թերևս, առաջինը Bellingcat-ն էր, որն ապրիլի 12-ին որոշ նախնական գնահատականներ տվեց ապրիլյան քառօրյա պատերազմում կողմերի կրած մարդկային, տեխնիկական ու տարածքային կորուստների մասին:

Հեղինակավոր ընկերությունը տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրման միջոով Արցախի հյուսիսային հատվածի համար նշեց, որ թեպետ « ապրիլի 3-ի դրությամբ Ղարաբաղի ուժերը սկսեցին վերահսկողության տակ վերցնել ռազմաճակատը, նրանց լիարժեք վերահսկողության տակ անցավ Թալիշի հարակից տարածքը, սակայն նրանք տակավին հեռու են բոլոր կորցված դիրքերը վերանվաճելուց և մարտերը շարունակվեցին մինչև ապրիլի 4-ը <…> Մարտերում կորսված հայկական հենակետերն ու խրամատները դեռևս պետք է ճշգրտվեն, թեպետ տեղեկատվությունը մեզ ասում է, որ հյուսիս-արևելքում` Թալիշին մոտ շփման գծում, մեկ դիրք է կորցվել»:

Հարավային հատվածում կորուստների մասով էլ զեկույցն արձանագրել էր. «Մեկ այլ գրավված դիրք հարավում է` Ֆիզուլիին մոտ, կոչվում է Լելե Թեփե:  <> Ղարաբաղի կառավարությունն ընդունել է երկու “անկարևոր” հենակետերի կորուստը, թեպետ Բելինգքաթը հստակեցրել է, որ անհայտ թվով այլ դիրքեր դեռևս Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բելինգքաթի վերլուծությունները նաև հետևության են հանգեցրել, որ Լելե Թեփեի հարավային հենակետը կենսական ռազմավարական կետ է Ղարաբաղի համար, ինչը նշանակում է, որ այդ դիրքի ձեռքբերումն Ադրբեջանի համար ռազմավարական հաղթանակ էր, որը նրա ուժերի համար 1 կիլոմետր երկարությամբ հենք է ապահովում ապագա մարտերում Ղարաբաղի վրա կրակ բացելու համար: <…> Գրավված տարածքի իրական երկարությունը դեռևս անհայտ է, սակայն  զեկույցները պնդում են, որ մոտավորապես 1 կմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»: Իդեպ, ադրբեջանական կողմի մարդկային կորուստների համար զեկույցն իրատեսական էր համարել 400-500 զոհի միջակայքը:

Այնուհետև տարածքային կորուստների մասին Սերժ Սարգսյանը խոստովանեց նաև ապրիլի 25-ին Bloomberg-ում տպված հարցազրույցում.

«Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են մեր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին»:

Թերևս հայ հասարակության համար կատարյալ շոկ էր հայկական կողմի տարածքային կորուստների վերաբերյալ մայիսի 17-ին Վիեննայի հանդիպումից Երևան վերադառնալիս նախագահական ինքնաթիռում Սերժ Սարգսյանի` վերը նշվածներին հակասող մեկ այլ հայտարարությունը.

«Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, գոյություն ունի նաև գնահատական: Եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմավարական նշանակություն ունի՞, մարտավարական նշանակություն ունի՞ ,թե՞ ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Եթե զուտ մետրով չափենք՝ պիտի ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա»: Նա վերստին ընդգծել էր, որ ռազմավարական կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: Հենց այս հայտարարությունն էլ ռուսական գործակալությունը համարում է հասարակության մեջ լարվածություն սանձազերծողը:

Սերժ Սարգսյանի` իրար հակասող խոստովանություններն ուղղակիորեն հանրային բուռն բանավեճ բացեցին` ընդդիմախոսներին թույլ տալով պարզ հակադրության մեջ դնել ապրիլի 4-ին՝ 200-300 մետրի ու ապրիլի 17-ին՝ 800 հա տարածքային կորուստների մասին նրա հայտարարությունները:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԼՂՀ ԴԵՄ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ապրիլի 7-ին այցելելով Բեռլին՝ Deutsche Welle հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն առաջին անգամ մի շարք ընդհանրական և ուղղակի մեղադրանքներ հասցեագրեց Ռուսաստանին:

Մեղադրանք 1. Ռուսատանը Հայաստանին չօգնեց միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում: Ընդհանրական բնույթի և անուղղակի մեղադրանքներից էր մինչև ապրիլյան պատերազմը հայկական կողմի` հետաքննության մեխանիզմներ ստեղծելու նախաձեռնությունների չբավարարումը. «Մենք համապատասխան ատյաններին և կառույցներին ահազանգում էինք այն մասին, թե ուր է գնում և ինչի կարող է վերածվել իրադարձությունների ընթացքը: Մենք առաջարկել ենք շփման ողջ գծի երկայնքով միջադեպերի պատճառների հետաքննության մեխանիզմ ստեղծել, որպեսզի հստակ վեր հանվի, թե ով է հանդիսանում հակամարտ գործողությունների նախաձեռնողը»:

Սա նույնն է թե ասելը, որ միջազգային ատյանների ու կառույցների, հասկանալիորեն` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի թողտվությամբ ժամանակին անընդհատ անտեսվեցին հակամարտության գոտում լիակատար շիկացման տանող միջադեպերը, իսկ արդյունքում տեղի ունեցավ քառօրյա պատերազմ:

Թե այս ընդհանրական մեղադրանքը համանախագահ որ երկրին է ուղղված, դժվար չէ կռահել. դա ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան չեն: Դեռևս 2014թ. մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում 1994թ. հրադարարի 20-ամյակին նվիրված իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» վերտառությամբ զեկույցում մտահոգվելով պատերազմի ռիսկի աննախադեպ մեծացումով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ինքն էր խոսել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման կապակցությամբ՝ Մինսկի խմբի ներսում ու հակամարտության կողմերի հետ “համաձայնության գալու անկարողության” ու “բարդությունների” մասին:

«ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են երկու տասնամյակ՝ աչքերը պահելով այս փխրուն խաղաղության վրա, սակայն չունենք իրավասություն կամ ռեսուրսներ՝ վերջ դնելու հաճախակի արձանագրվող դժբախտ դեպքերին, կամ էլ բացահայտելու պատասխանատուներին: Կողմերն ամեն տարի հրադադարի խախտման մասին հազարավոր հաղորդումներ են ներկայացնում, սակայն մենք անկարող ենք գտնվել համաձայնության գալ որևէ միջոցի շուրջ, որը կնվազեցներ այդ դրսևորումները»:

Իդեպ, հատկանշական է, որ հայկական կողմը նման մեխանիզմ պահանջելու հարցը վերստին օրակարգ բերեց 2014թ. հուլիս-օգոստոսյան լարվածությունից հետո, երբ բառացիորեն երկու ամիս անց իրականացան Ջեյմս Ուորլիքի` լարվածություն գուժող կանխատեսումները: Օգոստոսի 8-ին Սոչիում Վ.Պուտինի նախաձեռնությամբ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից օրեր անց` օգոստոսի 11-ին, Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում մեծ վստահությամբ պնդեց, թե չի կարծում, որ §սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ կշարունակվեն»: Սերժ Սարգսյանն իր պնդման համար մի քանի հիմք էր նշել. «նախ՝ դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերն ամբողջովին տիրապետում են իրավիճակին, և ադրբեջանցիների բոլոր փորձերը, անշուշտ, ձախողվեցին. մի տեղ՝ շատ ավելի արագ և կտրուկ, մեկ այլ տեղ՝ որոշակի կորուստներով»:

Որպես երկրորդ հիմք նշել էր. «Ընդհանրապես, ամենաարդյունավետ մեխանիզմը՝ միջադեպերի կանխման, հետաքննման միջազգային մեխանիզմ ձևավորելն է: Եթե մենք կարողանանք այդպիսի մեխանիզմ ձևավորել, ես կարծում եմ, որ դա միջադեպերը կանխելու շատ լուրջ խթան կլինի, որովհետև նման մեխանիզմը ենթադրում է մեղավորների ի հայտ բերում և դրա մասին հանրությանը, այդ թվում՝ միջազգային հանրությանը, տեղյակ պահելու հանգամանք: Այնպես որ, մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք»:

Երրորդ հիմքը վերաբերում էր հանդիպումը նախաձեռնած ՌԴ նախագահի տված երաշխիքին. «Ես այնպես եմ հասկանում, որ Ռուսաստանի նախագահի համար այս հանդիպումը կարևոր էր նրանով, որպեսզի իր համար ճշտի̀ արդյո՞ք կողմերը ցանկանում են, որպեսզի խնդիրը լուծվի, և եթե այո, ապա՝ որո՞նք են կողմերի ակնկալիքները: Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահն իր նպատակին հասավ»: Ասել է թե Ռուսաստանի նախագահը համոզվել է, որ կողմերը հավաստիացրել են խաղաղ ու բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու իրենց հանձնառությունը և հրաժարվել են պատերազմից:

Այդ հավաստիացումները տրվեցին նաև հրապարակավ, երբ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ընդգծեցին 2011թ. Կազանում ընդհատված բանակցությունները վերսկսելու իրենց պատրաստակամությունը, ըստ որում՝ Սերժ Սարգսյանի շեշտադրմամբ` Մինսկի խմբի, իսկ Իլհամ Ալիևի` Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարության պայմաններում: Ակնհայտորեն, հայկական կողմին պատերազմի ու հետագա լարվածության բացառման երրորդ կարևոր երաշխավորն ու երաշխիք տվողը եղել է Ռուսաստանի նախագահը՝ պայմանով, որ Երևանը կառուցողաբար կմասնակցի Մոսկվայի հովանու ներքո տեղի ունենալիք բանակցություններին:

Նաև ենթադրել կարելի է, որ Սոչիում եռակողմ կամ երկկողմ հանդիպումների ընթացքում Պուտինը չի առարկել հայկական կողմի` հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը հանդիպումից օրեր անց մեծ վստահությամբ հարցը բերում է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության օրակարգ:

Սակայն, 2014-ից ի վեր ոչ միայն չներդրվեցին այդ մեխանիզմները, այլև չկատարվեց պատերազմի բացառման վերաբերյալ Ռուսաստանի տված խոստումը: Դրա ապացույցն էր քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 22-ին, Հայաստան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից բացատրություն և պարզաբանում պահանջող Սերժ Սարգսյանի պահվածքը.

«Ադրբեջանի գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագրերը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, ընդգծելով բանակցություններով խնդիրը լուծելու Երևանի հավատարմությունն ու բացառելով պայմանավորվածությունների խախտումը Հայաստանի կողմից, ակնարկում է այլ կողմերից տրված պայմանավորվածությունների խախտման մասին: Կրկնենք, դրանք վերաբերում են 2007-ից սկսված բանակցությունների խաթարմանը, որոնք վեսկսելու հանձնառություն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տվել էին 2014թ. օգոստոսի 8-ին Սոչիում, բնականաբար պատերազմը բացառելու պայմանով, ինչի երաշխավորը Ռուսաստանն էր: Եվ, ահա, Հայաստանի նախագահը Լավրովից ակնկալում է լսել Մոսկվայի վարկածը` ինչու՞ դա պատահեց, ո՞վ խախտեց պայմանավորվածությունը և ինչու՞ պայմանավորածություն խախտող կողմը չմատնանշվեց ու չպատժվեց…

Սակայն ապրիլյան պատերազմի հետ կապված ռուսական կողմի դիրքորոշումից ու վարած քաղաքականությունից հայկական կողմի դժգոհությունները սրանով չէին ավարտվում:

Մեղադրանք 2.  Ռուսաստանն օգնեց Ադրբեջանին կանգնեցնել հայկական կողմի առաջխաղացումը և կանխեց Արցախի տարածքային կորուստների վերականգնումը. 

Ապրիլի 7-ին Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ռազմական գործողությունների սպասելի լինելու, ապաև`դրանք կանգնեցնելու մասին հարցին, նախ հայտարարում է. «Մենք չենք համարում, թե ռազմական գործողությունները միանգամայն անսպասելի են վերսկսվել: Տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար»: Թերևս այս հատվածում իշխանությունների համար ռազմական գործողությունների կանխատեսելիության հաստատումով Սերժ Սարգսյանը պաշտպանվում է Հայաստանում սկիզբ առած, ընդհուպ գերմանացի լրագրողի հարցում առկա այն մեղադրանքներից, թե այդ ինչպես է, որ տեղացի ու օտարերկրյա փորձագետների համար պատերազմը սպասելի էր, մինչդեռ իշխանության համար` անակնկալ:  Մինչդեռ Սերժ Սարգսյանը չէր կարող խոստովանել, որ հույս են դրել Կրեմլի տված երաշխիքների վրա, սակայն դավաճանվել ու խաբվել են: Այլապես, եթե պատերազմը սպասելի է եղել ՀՀ իշխանությունների համար, բայց դրան չեն պատրաստվել ու անակնկալի են եկել, այս դեպքում էլ խոսք կարող է գնալ միայն պայմանավորված լոկալ պատերազմի դավադրությանն իշխանությունների մասնակցության մասին…

Այնուհետև Սերժ Սարգսյանը շարունակում է. «Սակայն կրակի դադարեցումն էլ պատահականություն չէր: Ադրբեջանցիները մեծ կորուստներ կրեցին: Դրանից բացի Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը զանգահարեց Հայաստանի Գլխավոր շտաբի պետին և հայտնեց, որ ադրբեջանցիները համաձայն են այդ հարցով հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպել Մոսկվայում: Բնականաբար, կար նաև միջազգային հանրության աջակցությունը: Համապատասխան հայտարարություններով հանդես էին եկել բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ»:

Ապրիլի 25-ին Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը վերստին անուղղակի անդրադարձավ հարցին, թե ով կանգնեցրեց հայկական կողմի հակահարձակումն ու կանխեց 94-95թթ. հրադադարի պայմանագրերով գծագրված ելակետային դիրքերի լիարժեք վերականգնումը.  «Գործողությունները կանգնեցին հետևյալ կերպ. մեր Գլխավոր շտաբի պետին զանգահարեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը և ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք արդյո՞ք համաձայն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ նրանք պատրաստ են դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ մեր Գլխավոր շտաբի պետն ուղևորվեց Մոսկվա, Մոսկվայում  Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել»:

Մեղադրանք 3.  Ռուսաստանը շարունակում է սպառազինել Հայաստանի թշնամուն

Ի տարբերություն 2014թ., երբ Լատինական Ամերիկայի երկրներում շրջագայության ժամանակ Սերժ Սարգսյանը սոսկ հայ ժողովրդի անունից էր առաջին անգամ մտահոգություն հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող հարձակողական սպառազինությունների կապակցությամբ, ապրիլի 7-ին Deutsche Welle-ին տված հարցազրույցում, ի պատասխան ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի դերին, Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությանն ու Բաքվին զենք վաճառելու մասին հարցադրմանը, նա հայտարարեց.

«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ ինչ-որ երկիր երբևէ եղել կամ կարող է մեր հովանավորը լինել: Եվ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար չի խաղացել այն դերը, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար: <> Այո, դա այդպես է. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիր ունենք: Դրանով հանդերձ մենք մշտապես բաց ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»:

Նույն օրը վերադառնալով Բեռլինից՝ Սերժ Սարգսյանն ուշ երեկոյան ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ անուղղակի դժգոհելով Ադրբեջանի սպառազինման հարցում Ռուսաստանի քաղաքականությունից. «Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների՝ այդ փորձը կասեցվեց: <…> Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»:

Ադրբեջանին հարձակողական սպառազինություն վաճառելու կապակցությամբ Ռուսաստանի դաշնության վարչապետին ուղղված Սերժ Սարգսյանի հանդիմանական տոնը, Ադրբեջանի սպառազինմանը վերջ տալու ուղղությամբ Հայաստանում թափ հավաքող հանրային պահանջը այնքան գրգռեցին Կրեմլին, որ այդ երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը անթույլատրելի արտահայտություններ թույլ տվեց ռուսական քաղաքականության հայ քննադատների հասցեին: Սրտնեղելով “որոշ քաղաքացիների ոչ գեղեցիկ վարքագծից”, որոնց թվում էին նաև Հայաստանի առաջին դեմքերը և ոչ միայն փորձագետներն ու հանրությունը, նա հայտարարեց. «Այնտեղ (ակնարկում է Երևանը) բացարձակ սարսափելի դեմագոգիա, ուղղակի` քարոզչական փսլիքն սկսվեց այդ ուղևորությունից (ի նկատի ունի Բաքու կատարած այցը և այնտեղ Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակ վաճառելու մասին իր հայտարարությունը-Ս.Ս.): <..> Պատերազմը հենց սառնասրտություն է պահանջում եւ ոչ թե քարոզչական փսլինք»:

Սակայն Հայաստանում ռուսական դավադրության թեման միայն ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության թեման չէ, որ շոշափում էր: Ռուսաստանի վարած կովկասյան քաղաքականության հակահայկականության հարցը ներթափանցել էր քննարկումների բոլոր հարթակները` սոցիալական ցանցերից մինչև փողոցներ (ապրիլինի և մայիսին Երևանում բողոքի երկու զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան Ռուսաստանի դեսպանատն առջև), մամուլի ակումբներ, քաղաքական ինստիտուտներ, այդ թվում`խորհրդարան:

Ապրիլի 9-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ամփոփեց ռուսական դավադրության մասին լայնորեն շրջանառվող վարկածը, այն է` ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ: Նրա հանրագումարմամբ`

«ա) Ադրբեջանական զորքը բլիցկրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք: բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցից: գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարավաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը, Աղդամը): դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ Կարսի, կամ Բաթումի, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր: ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ և նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որևէ ռեսուրս չէր ունենա»:

Զարգացումների այդ շղթայի հիմքի վրա Փաշինյանը եզրակացրեց ու առաջակեց.

«– Եթե այս վարկածը իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային և պայմանագրային ծառայողները իրենց կյանքի և հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը, կամ ԼՂՀ-ն՝ այլև Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:

– Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական և խորքային վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

Ամեն դեպքում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ դրանք գործնականում հնարավոր է փարատել:»

Մայիսի 23-ին Նիկոլ Փաշինյանը վերը շարադրվածը համալրեց աշխարհաքաղաքական այլ զարգացումներով`վերախմբագրելով իր առաջին եզրակացությունը, այն է` «չորսօրյա պատերազմը, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական մեծ գործարքի արգասիք էր եւ գործարքի մասէին ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՄՆն եւ Թուրքիան»:

Իսկ հունիսի 28-ի ԱԺ արտահերթ նիստում` հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին պայմանագրի քննարկման ժամանակ, նա վերստին հայտարարեց.

«Պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ 4-օրյա պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Ինչո՞վ է հիմնավորվում այս տեսակետը, այստեղ կա վերլուծություն և փաստեր։ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որևէ մեկն այս տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ և մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն։ Առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա»:

Հըթնացս երկրի ներսում Սերժ Սարգսյանին մեղադրում են Արցախի դեմ դավադրության մեջ…

Մինչ Հայաստանի նախագահը կբարձրաձայներ 800 հա տարածքային կորուստների մասին, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արդեն իսկ քննադատությունների, մեղադրանքների ու կորսված դիրքերը հետ վերադարձնելու պահանջների շարքը մեկնարկել էր:

Մայիսի 12-ին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ նախագահ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ «Քառօրյա պատերազմում միայն հյուսիս-արևելյան՝ Թալիշի հատվածում մենք կորցրել ենք 7 մլն քառակուսի մետր տարածք», այլ ոչ թե 500 քառակուսի մետր, ինչպես ռուսական լրատվամիջոցին հայտնել էր ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու նշել, որ հայկական կողմը դրանք հետ բերել չի պատրաստվում:

Կոչ անելով իշխանություններին հայ հասարակության հետ անկեղծ լինել տարածքային կորուստների իրական մասշտաբների հարցում՝ Սեֆիլյանը նաև հայտարարել էր.

«Մեր զոհերի նահատակությունն այս քաղաքական ղեկավարությունը, կարծես, ուզում է ջուրը լցնել: Մեղքը բանակինը չէ: Բանակն ամեն օր սպասում է, հերթ են կանգնել, թե ով պետք է կատարի այդ գործողությունը, որը ռազմականորեն հեշտ է մեզ համար: Պարզապես իշխանությունն իր վախկոտության, ես կասեի նաև՝ դավաճանության պատճառով հրամանը չի արձակում: Զորքն ամեն օր սպասում է տարածքների ազատագրման հրամանին, որը երբ չի գալիս, զորքը  բարոյալքվում է»:

Ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նույն օրը հերքեց Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած թվերը, ինչին մեկ օր անց` մայիսի 13-ին, հայտարարությամբ հակադարձեց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչությունը, նույնն է` Հիմնադիր խորհրդարանը.

«Հայտնի է նաև, որ մեր զինվորներն ու սպաներն աչքի են ընկել անօրինակ սխրագործություններով և պատրաստ էին հակահարձակման անցնելով ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին: Սակայն քաղաքական ղեկավարությունը ոչ միայն 1994թ. նման կասեցրեց մեր բանակի հաղթական ընթացքը, այլև թույլ չտվեց, որ բանակը հետ վերցնի քառօրյա պատերազմի ընթացքում գրավված մի շարք կարևոր հենակետեր և փաստացի դրանք հանձնեց հակառակորդին»:

Սեփական դիտարկումների ու փաստերի հիման վրա նրանք գնահատել էին հյուսիսային` Թալիշի ուղղությամբ սեպի նման մխրճված հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքների չափն ու հայտարարել.

«Այդ սեպը, որը ճակատով ունի մինչև 5,8 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր ձգվածություն և զբաղեցնում է ավելի քան 700 հեկտար կամ 7 միլիոն քառակուսի մետր տարածք, իր ծայրով հասնում է Թալիշ գյուղի վրա իշխող բարձունքին, ինչի հետևանքով գյուղը մասամբ հայտնվել է ուղիղ նշանառության տակ և վտանգավոր դարձել բնակության համար»:

Սկզբնական շրջանում ՀՀ իշխանություններին հասցեագրվող մեղադրանքները, այդ թվում` դավաճանության մասով, գերազանցապես վերաբերում էին կորսված տարածքներն ու հենակետերը հետ չվերադարձնելու մտադրության բացակայությանը, զինվորագրված ջոկատներին հրաման չտալուն:

Մայիսի 17-ին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ոչ միայն հրապարակեց տարածքային կորուստների մասին պաշտոնական թիվը` 800 հա, այլ նաև փորձեց հիմնավորել, թե ինչու այդպիսի ռազմական գործողություն չի նախաձեռնում.

«Մենք ի վիճակի էինք (վերականգնել ստատուս քվոն-Ս.Ս), բայց ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 45 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի համար դրանց ունեցած նշանակությանը, նա նշել էր. «Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են: Ուզում եմ մի համեմատություն անեք՝ 800 հեկտարի և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ, երկու վիրավոր: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Բայց նույնիսկ եթե կես զոհ, մեկ վիրավոր՝ էլի շատ է: Համեմատեք, տեսեք, այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պիտի տային», – ասել է ՀՀ նախագահը:

Ի պատասխան այս ձեռնոցին, Ժիրայր Սեֆիլյանը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Ես՝ Ժիրայր Սեֆիլյանս, պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունն իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

Տարածքային կորուստները հետ չբերելու աներեր որոշման հարցում ՀՀ իշխանություններին ուղղված մեղադրանքները բավականին արագ վերաճեցին Արցախի հողերը պատերազմով Ադրբեջանին հանձնելու դավադրությանը նրանց մասնակցության բաց և հրապարակային մեղադրանքին:

Այս առումով աղմկահարույց էր հունիսի 13-ից համացանցում հրապարակված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը՝ հերքելով հակառակորդի հարձակման ուղղության անսպասելիության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները քառօրյա պատերազմին հաջորդող շրջանում տրված հարցազրույցներում: Տեսանյութը նաև ի ցույց էր դնում, որ հայ զինվորները հրամանատարությանն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլտվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս:

Թերևս տեսանյութն ամրապնդեց պայմանավորված պատերազմով հողեր հանձնելու մասին շրջանառվող վարկածը` մահացու մեղադրանք հասցեագրելով Սերժ Սարգսյանին ու ՀՀ իշխանություններին, թեպետ հանրային դիսկուրսում չէր բացառվում նաև, որ հրամանատարության որոշ օղակներում սաբոտաժը կարող է պայմանավորված լինել նաև Ռուսաստանի գործակալների “նպատակային, հանցավոր անգործությամբ”…

Հունիսի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Ինչպես նշվել էր, քննչական և օպերատիվ-հետախուզական «մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է», որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ «ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ»:

Այդ նույն օրը Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր ՌԴ նախագահ Վ.Պուտինի նախաձեռնությամբ կազմակերպված Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը: Պուտինյան հանդիպման օրակարգը իրականում ճիշտ հակադիր էր Վիեննայում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու կազմակերպված հանդիպման օրակարգին. Վիեննայի պայմանավորվածությունները վերաբերում էին առաջին հերթին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման կարողությունների ընդայնմանը և նախկինում հայտարարված երեք սկզբունքների (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականությունը և ազգերի հավասար իրավունքներ ու ինքնորոշում) հիմքի վրա հակամարտության համապարփակ (6 խնդիրների համալիր լուծումով) կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը, ինչի հետ պաշտոնական Երևանը շահերի հակասություն չուներ: Դրան հակառակ միանգամայն այլ էին Սանկտ Պետերբուրգի օրակարգն ու ուղղվածությունը` հակամարտության կարգավորման ռուսական, կամ ինչպես անվանում էին Լավրովյան պլանի իրականացումը, որը ենթադրում է Արցախի որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին ԼՂ միջանկյալ կարգավիճակի դիմաց ու հակամարտության գոտում ռուս խաղապահների տեղակայմամբ: Հենց այս պլանին է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը սկսեց բացահայտ կերպով հակադրվել…

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԼԱՆԻՑ

Մի կողմից՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի (Հիմնադիր Խորհրդարանի անդամների ու այլ քաղաքական գործիչների ստեղծած միավորում), մյուս կողմից` ՀՀ իշխանությունների միջև Արցախի դեմ դավադրության թեմայով քաղաքական բանավեճը վերստին թեժացավ Հիմնադիր խորհրդարանի ռազմական թև հռչակված «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո, երբ խմբի անդամներն իրենց գործողության դրդապատճառ վկայակոչեցին նաև ապրիլյան պատերազմի տարածքային կորուստների հարցում ՀՀ իշխանությունների “դավաճանական” մասնակցությունը…

Հաջորդող օրերին ու մասնավորապես հուլիսի 24-ին ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի կազմակերպված հանրահավաքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը Հայաստանի իշխանություններին վերստին մեղադրեց «թշնամու օգտին կատարված գործողությունների»` Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու հանցագործության մեջ:

Մինչ այդ էլ նրա և քաղաքական շարժման այլ գործիչների կողմից վերստին հայտարարություններ էին հնչեցվել Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության կապակցությամբ ու պետական դավաճանության մեղադրանք ներկայացվել նրանց, պահանջելով հարցը մտցնել Ազգային ժողովի օրակարգ:

Հուլիսի 30-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանական գործողությունների արդյունքում «Նոր Հայաստան» ճակատի անդամների, նրանց թվում` Անդրիաս Ղուկասյանի ու այլոց ձերբակալությունից, իսկ ապա` «Սասնա ծռեր»-ի  հանձնվելուց հետո տարածքային կորուստների թեման, որպես առաջնային խնդիր, թվում էր, թե հիմնականում մոռացության էր մատնվել:

Արցախի խնդրի ապաթեժացմանը նաև նպաստել էին շարժման ղեկավարության այնպիսի հայտարարությունները, թե «Սասնա ծռեր»-ի գործողության շնորհիվ կանխվել է/հետաձգվել է Արցախի հարցով ռուսական` Ադրբեջանին հողեր հանձելու պլանը:

Ամռան ընթացքում` «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո տարածքային կորուստների թեման իմիջիայլոց հիշատակվեց նաև Նիկոլ Փաշինյանի հաշվետու զեկույցում, որը նա ներկայացրեց օգոստոսի սկզբին այլ քաղաքական գործիչների հետ Արցախ կատարած դաշտային առաքելության արդյունքում.

«Չորսօրյա պատերազմի ընթացքում, ինչպես հայտնի է, հայկական կողմը շուրջ 15 հենակետի կորուստ է ունեցել: Սրա արդյունքում անօգտագործելի են դարձել միջդիրքային բազմաթիվ ճանապարհներ, եւ նոր, անվտանգ ճանապարհների անհրաժեշտություն է առաջացել… Հաջորդ հարցը, որին ի պատասխան ԼՂՀ կառավարության ներկայացուցիչները առաջարկում են առաջ նայել եւ ոչ թե ետ, հետեւյալն է. իսկ ինչո՞ւ մենք տարածքներ կորցրինք Թալիշում: Չէ՞ որ հարձակման պահին, ի տարբերություն բազմաթիվ այլ տեղերի, այդ տարածքի դիրքերի մի մասը կահավորված էր գիշերային դիտարկման համակարգով: Ինչո՞ւ կորցրինք Վարազաթումբ (Լելե Թեփե) կոչվող բարձունքը, որը համարվում էր առաջնագծի լավագույն դիրքերից մեկը: Չնայած այս հարցերին կոնկրետ պատասխան չստացանք, այլ աղբյուրներից տեղեկացանք, որ չորսօրա պատերազմի վերաբերյալ իրականացվել է ծառայողական քննություն եւ ծավալուն ու մանրամասն զեկուցագիր է պատրաստվել, որի բովանդակությունը հասկանալիորեն համարվում է ռազմական գաղտնիք»:

Ի՞ՆՉ Է ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԿԱՄ ՍԱԴՐՈՒՄ ՄՈՍԿՎԱՆ. “350 ՀԵԿՏԱՐԻ” ԹԵՍԹԸ

Եվ ահա այս իրավիճակում ռուսական հայտնի Regnum ինֆոմացիոն գործակալությունը վերստին հրապարակ է բերում թեման, որի հնարավոր հետևանքներն առավել ակնառու են դառնում հարցի` վերոշարադրյալ մանրակրկիտ նախապատմության համատեքստում:

Թվում է, թե Մոսկվան արտաքուստ պաշտպանության տակ է առնում Սերժ Սարգսյանին` նրա «օգտին նվազեցնելով» տարածքային կորուստների չափերն ու ռազմավարական կարևորությունը: Սակայն դա միայն արտաքուստ, քանի որ նրան մեղադրում են նաև անհայտ քաղաքական նպատակներ հետապնդելու, այդ թվում հակառուսական տրամադրությունները խթանելու մեջ:

Անկախ 350 և 800 հեկտարների միջև եղած զգալի տարբերությանը՝ գործակալության հրապարակումը վերստին հրապարակ է բերում երկու խնդիր. առաջինը` Հայաստանն ու ԼՂՀ-ը, իմա` Սերժ Սարգսյանը և նրա իշխանությունը հայտարարվածից քիչ, բայց պարտվել են Ադրբեջանին, և երկրորդը` դավաճանության հարցը` թե՛ կորսված դիրքերը հետ վերադարձնելու ՀՀ իշխանությունների մտադրության բացակայության, թե՛ նաև դրանք Ադրբեջանին «պայմանավորված» հանձնելու սյուժեներով, որոնք արդեն խոր արմատներ են գցել հանրության մեջ, նաև «Սասնա ծռեր»-ի  գործողության արդյունքում:

Պատահական չէ, որ OSTKRAFT-ը Սերժ Սարգսյանի կողմից 800 հեկտարի փաստը չհերքելու պատճառների փնտրտուքում դրա տակ տեսնում է քաղաքական նպատակների հետապնդում, այն է` հասարակությանը «ցույց տալը, թե ԼՂՀ-ը պատրաստ չէր Ադրբեջանի հետ պատերազմելուն, հետևաբար, պետք է ինչ-որ զիջումների գնալ»: Սա գրեթե հավասարազոր է Արցախի ու քառօրյա պատերազմի հարցերում Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը ներկայացվող պետական դավաճանության մեղադրանքին (որը քաղաքական օրակարգ դարձրեցին «Նոր Հայաստանն»  ու «Սասնա ծռերը») միանալուն…

Թե ինչու է այս պահին Կրեմլն անուղղակիորեն վերաթարմացնում «Սասնա ծռերի» ձևակերպած մեղադրանքը, սպասարկում նրանց օրակարգը, բազում հարցերի ու ենթադրությունների տեղիք է տալիս… Իսկ հրապարակված հարցադրմանը պատասխանելու իշխանությունների ցանկացած վարքագիծը Մոսկվայում կոնկրետ եզրահանգումների տեղիք է տալու, քանզի ռուսական թեսթը բավականին խորամանկ է մտածված:

Դիպաշար 1: ՀՀ իշխանությունները հաստատում են տարածքային կորուստների ուռճացված լինելը

Եթե իշխանությունն այժմ հաստատի 800 հա-ի ուռճացված լինելը, կստացվի, որ նա դա ավելի վաղ գիտեր, ավելի վաղ անելու հնարավորություն է ունեցել, սակայն միտումնավոր չի հերքել, քանզի «Սասնա ծռերի» պլանավորած գործողությունն իր օգտին էր. չնայած պետական դավաճանության մեջ իրեն հասցեագրված ծանրագույն մեղադրանքներին՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը թույլ էր տալիս իշխանություններին միաժամանակ դադար վերցնել բանակցային գործընթացում ու դանդաղեցնել Սանկտ-Պետերբուրգյան հանդիպման պայմանավորվածությունները, որի օրակարգն ու հետապնդած նպատակները հակադրվում էին Վիեննայի պայմանավորվածություններին ու օրակարգին:

Հընթացս «Սասնա ծռերի» ձևակերպած՝ Ռուսաստանից ապագաղութանալու օրակարգը նպաստում էր հակառուսական տրամադրությունների էլ ավելի մեծ մասշտաբներով կոնսոլիդացիային, որով հանրությունն ակամայից ուժ է տալիս ու զորակցում Ռուսաստանի հանդեպ Սերժ Սարգսյանի քննադատություններին ու նրան միայնակ չէր թողնում…  Այս դեպքում, պարադոքսալ կարող է հնչել, բայց ստացվում է, որ Սերժ Սարգսյանի դեմ ու նրա պաշտոնանկությունը պահանջող շարժումն անուղղակի ուժեղացնում էր Ռուսաստանի դեմ ուղղված նրա քննադատությունները, դրա շուրջ անուղղակի կոնսոլիդացնելով նաև հանրությանը, ինչը պակաս կարևոր չէր Կրեմլի քաղաքականությունից պաշտպանվող Սարգսյանի համար…

Թերևս սա Հայաստանում տեղի ունեցող բազմաշերտ գործընթացների բերած այնպիսի հուժկու հետևանք էր, որը Կրեմլում չէին կարող չնկատել… Բացառված չէ, որ այդ ամենի փոխկապակցվածության փաստը տեսնելով ու կասկածները սրտում` Մոսկվան հուլիսի 21-ին առաջին թեսթն էր պարտադրում ՀՀ իշխանություններին, այն է` «վերացրու և պատժիր զինված ապստամբներին, եթե նրանց հետ չես խաղում»:  Դատապարտելով ՊՊԾ գնդի զինված գրավումն ու զինված ապտամբներին կրիմինալ կոչելով՝ ՌԴ-ը պաշտոնապես հայտարարել էր.

«Աջակցում ենք Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Մենք հույս ունենք, որ դրանք թույլ կտան ամենամոտ ժամանակում ապաշրջափակել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, անցկացնել միջադեպի սպառիչ հետաքննություն և պատժել պատասխանատու անձանց»:

Սակայն, եթե Ռուսաստանում “ՀՀ իշխանություն-«Սասնա ծռեր»-ապագաղութացման օրակարգ” կապը չբարձրաձայնվող կասկածների մակարդակով էր դրսևորվում, ապա Կրեմլին կատարելապես հունից հանեցին հուլիսի 21-ին Արևմուտքի քաղաքական գնահատականներն ու մասնավորապես Հայաստանում ԵՄ տեղական հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր.

«Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների  առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝  իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության այս հայտարարությանը մեկ օր անց ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը անբնական կոշտ էր. «Տարօրինակ կերպով այդ փաստաթղթում տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների` ոստիկանության ստորաբաժանման շենքի վրա զինված հարձակման, ոստիկանի սպանության, պատանդառության առնչությամբ ուղիղ և հստակ քննադատության համար: Դրա փոխարեն հստակ շեշտադրում է արված իշխանությանն ուղղված պահանջների շուրջ` «պահպանել համաչափություն» և «հետաքննել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները»: Դժվար է ձերբազատվել այն զգացողությունից, որ ՀՀ-ում ԵՄ պատվիրակները բացահայտ խրախուսում են այդ ուժերին, որոնք ձգտում են ցնցել ներքաղաքական իրավիճակը»:

Թերևս Ռուսաստանը ոչ միայն մտահոգված էր Հայաստանի անկայունացման հեռանկարով, որը, միաժամանակ, արգելակում էր սանկտ-պետերբուրգյան գործընթացը, այլ նաև նրանով, թե ովքեր են կանգնած «Սասնա ծռերի» ապագաղութացման օրակագի, կամ որ նույնն է` լայնամասշտաբ հակառուսական տրամադրությունների թիկունքում:

Այդպիսով, հրամցնելով 350 հա-ի թեսթը՝ Մոսկվան նույնպես կասկածում է «Սասնա ծռեր»-ի գործողության ու իշխանության միջև խորքային կապի վրա, մասնավորապես` 800 հա-ի թեմայով իշխանության ու ռադիկալ ընդդիմության ստվերային պայմանավորվածության կամ պարամետրիկ կառավարման վրա[1] (ինչի շուրջ հանրության շրջանում շրջանառվող վարկածներ նույնպես կան) և ցանկանում է, որ Հայաստանի իշխանություններն իրենք անուղղակիորեն հաստատեն դա:

Դիպաշար 2: Եթե իշխանությունը վերաթարմացնում է 800 հա-ի կորստի փաստը

Այս դեպքում ակնհայտ է, որ ռուսական հայտնի գործակալությունը մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով իսկապես վերաթարմացնում է պայթյունավտանգ թեման և «պետական դավաճանության» օրակարգը նախընտրական շրջանին ընդառաջ, քանի որ «Սասնա ծռեր» խմբի զինաթափմամբ ու նրանց աջակցող շարժման մարումով թեման կարծես արխիվացվել է ու կորցրել ՀՀ իշխանության հիմքերը սասանելու ներուժը: Տվյալ պարագայում էլ արդյո՞ք Մոսկվան չի բարձրաձայնում թվարկված խմբերի, առաջին հերթին՝ «Սասնա ծռերի» ու «Նոր Հայաստան»-ի հետ իր ստվերային-պայմանավորված կամ պարամետրիկ խաղի մասին…

Ի վերջո, «Սասնա ծռերի» գործողության առաջին օրերից Հայաստանում ու նրանից դուրս հնչեցին նաև վարկածներ, որ կատարվածի գլխավոր շահառուն Մոսկվան է, քանզի տեղի ունեցածը թուլացնում է Հայաստանի ու Սերժ Սարգսյանի բանակցային դիրքերն Արցախի խնդրով ու հանուն իր իշխանության պահպանման նրան ստիպում միակողմանի զիջումների գնալ:

Անհերքելի փաստ է, որ հենց Մոսկվան էր շահագրգռված ներքաղաքական թնջուկն ուժային եղանակով լուծելու հարցում, և հուլիսի 21-ի հայտարարությամբ ՀՀ իշխանություններին խրախուսում էր ուղղակիորեն գնալ արյունահեղության, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Սերժ Սարգսյանն անգամ ԱԺ հատուկ նիստ չհրավիրեց` այդ կերպ խուսափելով 2008թ. մարտի 1-ի հանգույն արտակարգ դրություն հայտարարելու, իրավունքներ սահմանափակելու ու ուժային գործողության դիմելու որոշումներ ընդունելուց…

Այս դեպքում էլ կարծես Մոսկվան, Հայաստանում զրկված լինելով պետական դավաճանության մեջ իշխանություններին մեղադրանք հասցեագրելու ներքին գործիքակազմից, ինքն է ակամա խոստովանում, որ սադրում ու թեժացնում է ներքին իրավիճակը, ըստ որում` փաստացի մեկնարկած նախընտրական շրջանում:

Դիպաշար 3: Իշխանությունները լռության են մատնում Կրեմլի թեսթի պահանջը

Թերևս սա ամենահավանական վարքագիծն է, որ ցուցաբերում են կամ կցուցաբերեն Հայաստանի իշխանությունները Կրեմլի անպաշտոնական թեսթին: Այս դեպքում Կրեմլը, այդուհանդերձ, առաջ է քաշում Սերժ Սարգսյանի համար վտանգավոր թեզը, այն է` նա գտնում է, որ, այդուհանդերձ, «պետք է ինչ-որ զիջումների գնալ, քանի որ ԼՂՀ-ն Ադրբեջանի դեմ պատերազմել չի կարող», այսինքն հակված է շարունակել «պետական դավաճանությունը», ինչի մեջ իրեն մեղադրում էին ընդդիմախոսները: Տվյալ դեպքում էլ Մոսկվան ուժեղացնում է «Սասնա ծռերի», «Նոր Հայաստանի», Արցախի հողերը զիջելու մեջ ՀՀ իշխանություններին քննադատող շրջանակների  մեղադանքները, որ «իշխանությունը հողեր է զիջում և քառօրյա պատերազմի դավադրությանը նրանց մասնակցությունը պարզապես դրա համար հող նախապատրաստելու միջոց էր»:

Երեք դիպաշարի դեպքում էլ բանավեճի մեջ ներգրավվում են Սերժ Սարգսյանի ընդդիմախոսները` ազատության կամ անազատության մեջ գտնվող «Սասնա ծռերից», «Նոր Հայաստանից» մինչև Արցախի հողերը զիջելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրող ու քննադատող խմբերը: Ուշագրավ է, որ այս բանավեճին Բաքվի միանալու պատուհան նույնպես բացված է. Իլհամ Ալիևը նույնպես կարող է օգնության հասնել` հերքելով կամ հաստատելով փաստը:

Այդուհանդերձ, մեկ կարևոր հարց նույնպես իր պատասխանն է պահանջում. եթե ռուսական գործակալությունն ու ԼՂ ՊԲ-ում նրա աղբյուրներն արժանահավատ են, եթե Սերժ Սարգսյանի ու  «Սասնա ծռերի», Կրեմլի ու «Սասնա ծռերի» միջև պայմանավորված կամ պարամետրիկ կառավարվող խաղ չկա, այդ դեպքում ի՞նչը կարող էր Սերժ Սարգսյանին ստիպել ուռճացնելու տարածքային կորստի փաստը:

Թերևս ամենատրամաբանական (որի հիմնավորումները բազմաթիվ են) բացատրություններից մեկն Ադրբեջանի փառասեր նախագահի` ապրիլյան պատերազմում հաղթած լինելու միֆի սպասարկումը կարող էր լինել: Այսպիսի բացատրության է հակում մայիսի 17-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերից մեկը. «Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են»՝ սակայն ակնարկելով, որ դրա համար Բաքուն թանկ գին է վճարել. «Համեմատեք, տեսեք, այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պիտի տային»: Այս թեմայով մեկ այլ հայտարարության մեջ նա վկայակոչել էր «1 քառակուս մետրի համար մեկ զոհ» վիճակագրությունը:

Արժե նաև հիշել, թե ապրիլյան պատերազմի առաջին օրերին լայնածավալ պատերազմը կանխելու հարցում որքան մտահոգ էր Սերժ Սարգսյանը, ով անգամ դավաճանված էր զգում դաշնակից Ռուսաստանի կողմից: Այդ մտահոգությունից դրդված նա աշխարհին սպառնում էր ճանաչել Արցախը և միջազգային պայմանագրային հիմքի վրա Հայաստանին ու դաշնակիցներին ներգրավել լայնամասշտաբ պատերազմում.

«Հայաստանի Հանրապետությունը որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ապա ապրիլի 22-ին Ռուսաստանի վարչապետին էր նախազգուշացրել լայնամասշտաբ ռազմական գործողություններում Հայաստանի, ասել է թե` նաև Ռուսաստանի ներգրավման ռիսկի մասին. «Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:

Այսպիսի գերնպատակ հետապնդելու համատեքստում Սերժ Սարգսյանը կարող էր նաև համակերպվել տարածքային կորուստներ ունենալու, “փոքր պարտության” կամ անգամ պետական դավաճանության մեղադրանքների հետ, միգուցե պատրաստ էր Ալիևին տալ փոքրիկ ձեռքբերումը գրեթե կրկնակի մեծ ներկայացնելու հնարավորություն՝ սակայն այդ ամենի դիմաց կանխելով պատերազմը:

Իդեպ, Ադրբեջանի նախագահը բավականին օպերատիվ արձագանքեց 800 հա-ի մասին Սերժ Սարգսյանի խոստովանությանը, ինչը նշանակում է, որ խայծն աշխատել էր: Ելույթ ունենալով Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ կոնգրեսում՝ նա հայտարարեց. «Հայերն ապրիլին կորցրել են ոչ թե 800 հեկտար տարածք, այլ ավելի քան 2000: Եվ այժմ մենք վերահսկում ենք 2000 հա-ից ավելի մեծ տարածք»: Ոգևորված իրեն ընձեռնված հնարավորությունից ու նաև մեկամսյա ուշացումով արձագանքելով Դոյչե Վելլեին և Բլումբերգին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցների հայտարարություններին՝ նա հավելյալ միավորներ վաստակելու գայթակղությամբ ՀՀ նախագահին մեղադրեց մեկ նախադասության մեջ չորս անգամ ստելու մեջ. 1. Ադրբեջանը չի հարձակվել Արցախի վրա, այլ արժանվույնս պատասխանել է հայերի սադրանքին, 2. Արցախը սեփական բանակ չունի, և այնտեղ Հայաստանի զինված ուժերն են տեղակայված, 3.  Ադրբեջանը չի խնդրել Ռուսաստանի օգնությունը, այլ հայերն են խուճապի մեջ դիմել նրան, 4. Հայերը կորցրել են ոչ թե 800 հա, այլ 2000 հա-ից ավելի: Թերևս Ալիևի կողմից հրապարակ նետված այս կեղծիքների հերքումով չզբաղվենք, քանզի հակառակն ապացուցող փաստերը բազմաթիվ են…

Այդպիսով, եթե OSTKRAFT-ն ու իր աղբյուրները չեն ստում և Սերժ Սարգսյանը  համաձայնել է  տարածքային կորստի ուռճացմանը, թերևս միակ ամենահիմնավոր բացատրությունն է դառնում, որ դա մաս էր կազմում միայնակ մնացած ու դաշնակիցներից դավաճանված (ԵԱՏՄ ու ՀԱՊԿ դաշնակիցները ոչ միայն չպաշտպանեցին, այլև շատ դեպքերում սատարեցին Ադրբեջանին, ԵԱՏՄ-ն անգամ հետաձգեց իր երևանյան նիստը) Հայաստանի ու Արցախի կողմից պատերազմը կանխելու բազմակոմբինացիոն քաղաքականության մի բաղադրիչը՝ թեկուզև ծանրագույն մեղադրանքին արժանանալու գնով…

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Այդուհանդերձ, Մոսկվան կարծես չի մոռացել ոչ Հայաստանի հակառուսականությունը, ոչ էլ իրեն հասցեագրված մեղադրանքներն անգամ նոր և կոմպրոմիսային վարչապետ նշանակելուց հետո: Վերջին երկու ամսիներին սա արդեն երկրորդ թեսթն է, որով Ռուսաստանը փորձում է հետաքննել ու հասկանալ Հայաստանում հակառուսականության ու ապագաղութացման օրակարգի ակունքներն ու արմատները, հասկանալ ՀՀ իշխանություններ-«Սասնա ծռերի» գործողություն-ապագաղութացման օրակարգ կապը, դրանց ու Սանկտ-Պետերբուրգյան պորցեսը տորպեդահարելու կապը:

Իսկ, եթե Մոսկվան խորությամբ գիտի «Սասնա ծռերի» գործողության ֆենոմենը, ապա այդ դեպքում միակ եզրակացությունն է, որ Մոսկվան սադրում է ներքաղաքական բանավեճն ու իրավիճակը, կրկին փորձում սասանել ՀՀ իշխանության դիրքերը` հին և սպիացող վերքի վրա վերստին աղ լցնելով:

Ի վերջո, վերջին երկու տասնամյակների ընթացքում Կրեմլի համար խորթ չեն երկրների ներքին կյանքն ուղղակի կամ անուղղակի, սեփական գործիքներով կամ պարամետրիկ կառավարմամբ ապակայունացնելու հաջողված դեպքերը, երբ Մոսկվան դրա մեջ մեղադրել է իր ռազմավարական մրցակցին, անգամ պատրաստ եղել վերացնել հետքերը, սակայն եղել է թիվ մեկ շահառուն:

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանդից հետո Հայաստան ժամանած ՌԴ վարչապետ Վ.Պուտինն ի լուր աշխարհի հայտարարեց, թե «սպանվել են Ռուսաստանի բարեկամները»: Որքան էլ Ռուսաստանը դարձավ հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուն, որքան էլ քննարկվող վարկածներից ամենահիմնավորը “հոկտեմբերի 27-ի ռուսական հետքն էր”, դա չէր խանգարում Կրեմլին ՀՀ իշխանություններին Ալֆա ջոկատի ծառայությունն առաջարկել «ահաբեկիչներին» վերացնելու համար:

Նույն կերպ, որքան էլ Ռուսաստանն Արևմուտքին ուղղակիորեն մեղադրեց, իսկ իշխանություններին էլ “կասկածեց” «Սասնա ծռերի» ապագաղութացման օրակարգի ու հակառուսական տրամադրությունների խթանման թիկունքում լինելու մեջ, այդուհանդերձ, հենց Կրեմլը «պահանջեց մոտակա ժամանակում ՊՊԾ գունդն ազատել կրիմինալից ու պատժել նրանց», իսկ վերջում էլ հակառուսական տրամադրությունները վերացնելու համար ՀՀ-ում նոր վարչապետ նշանակել տվեց…

Իրականում Հայաստանում հակառուսականության աճի առումով Կրեմլը պետք է պատճառները փնտրել իր կովկասյան ու հայաստանյան քաղաքականության մեջ, և ոչ մի թեսթ, ոչ մի նոր վարչապետ ու կառավարություն, անկախ արդյունքներից, նրան այս հարցում չի փրկի…

Մոսկվան դավաճանել է Երևանին ու Ստեփանակերտին, ու որքան էլ կարևոր է, բայց առաջնային չէ, թե հայոց երկու մայրաքաղաքներում ով կամ ովքեր են մասնակցել այդ դավադրությանը, որը կարող է նաև ճակատագրական լինել հայ-ռուսական հարաբերությունների համար:

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ


[1] Քաղաքական գործընթացի կամ խաղի պարամետրիկ կառավարումը մանիպույլատիվ մեթոդներով ղեկավարումն է, երբ գործընթացի/խաղի սուբյեկտները տեղյակ չեն իրենց և սցենարիստի/մոդերատորի կապի մասին, սակայն խաղի պարամետրերն այնպես են դրված, որ յուրաքանչյուր դերակատար ակամայից խաղում է իրեն վերապահված դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում