Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, այսօր Երևանում պատասխանելով ԼՂ խնդրի կարգավորման մասին լրագրողների հարցին, նշեց, որ ինքը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ կարող է ներկայացնել իր անձնական տեսակետը։ «Իմ կարծիքով, հարկավոր է ընդունել փաստերը, հարկավոր է ընդունել, որ պատերազմ չպետք է տեղի ունենա։ Անկասկած, առանց ռազմական գործողությունների, առանց ռազմական հաղթանակի Լեռնային Ղարաբաղը չի հրաժարվի այդպես դժվարությամբ ձեռք բերած իր անկախությունից։ Ելնելով սրանից՝ կարելի է ասել, որ ԼՂ խնդրի վերջնական կարգավորումը հետևյալ տեսքն ունի՝ Լեռնային Ղարաբաղի անկախություն և Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող, ԼՂ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձ։ Բայց սա այն է, ինչին պետք է հասնել, և ամբողջ խնդիրն այն է, որ սրան հասնելը շատ դժվար է»,– ասաց Զատուլինը։
Կոնստանտին Զատուլինը շեշտեց, որ մինչև կողմերը խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնության գան, չպետք է թույլատրել պատերազմական գործողություններ։