Շաբաթ օրը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս շաբաթվանից իրենք ավելի ծանրաբեռնված կաշխատեն Մարտի 1-ի գործի քննության շուրջ՝ հավելելով, որ հնարավորություն կա «մեկ այլ տեսանկյունից նայել քրեական գործի ամբողջ ընթացքը, թե ինչպիսի գործողություններ են տարվել, նոր հանգամանքներ կարելի է ուսումնասիրման առարկա դարձնել, տեսնել՝ կա՞, արդյոք, նոր փորձաքննությունների նշանակման հնարավորություն, նոր վկաների, ականատեսների, տուժողների ներկայացուցիչների լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտություն»:
ՀՔԾ ղեկավարը նաև ասել էր, թե քննության ընթացքում անպայման կօգտագործվեն Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի տրամադրության տակ եղած նյութերը. «Փաստահավաք խումբը մեծ աշխատանք է կատարել, և այդ աշխատանքի արդյունքում ձեռք բերված ցանկացած ապացույց դրվելու է մեր ապացույցների կողքին»:
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանին «Առաջին լրատվականը»-ը նախ հարցրեց, թե ՓԽ գործունեության վերաբերյալ նման դիրքորոշումը ինչի՞ մասին է վկայում: «Հայտնի է, որ ՓԽ ղեկավարը պարոն Նիկոյանին է փոխանցել ՓԽ նյութերը, որից հետո այդ ամբողջ տեղեկատվությունը, տրամաբանությունը հուշում է, որ պետք է փոխանցած լինեին ՀՔԾ-ին: Եթե անդրադառնանք զեկույցներին, ՀՔԾ-ն այս ընթացքում պետք է անդրադարձած լիներ այդ զեկույցներին, և այնտեղ եղած ապացուցողական բազան ոչ միայն պետք է օգտագործվեր, այլև այնտեղ եղած եզրահանգումներից պետք է օգտված լիներ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Պարոն Միրզոյանը փաստացի շեշտեց, որ մեծ աշխատանք կա կատարված՝ ես միայն կարող եմ դա ողջունել: Խորհուրդ կտայի ՀՔԾ-ին՝ լուրջ ուսումնասիրել ՓԽ 5-րդ զեկույցը, որտեղ կա մի շատ կարևոր փաստ՝ ՊՆ կողմից ստորագրված 0038 հրամանը: Անհրաժեշտ է ուսումնասիրել 0038 հրամանը, հարցաքննել այն ժամանակվա Պնախարարին և այն բոլոր պատասխանատուներին, ովքեր, ըստ այդ հրամանի, դերակատարում են ունեցել քաղաքական կյանքում: Առաջին հերթին պետք է ուսումնասիրվի բանակի մասնակցության չափը, ինչքան էլ ուզում է ասեն՝ բանակը մասնակցել է այլ խնդիրների իրականացման շրջանակներում՝ բանակի մասնակցությունը փաստ է, և պետք է ՀՔԾ-ն այդ ուսումնասիրություններն իրականացնի: Խորհուրդ կտայի, որպեսզի ՀՔԾ-ն սկսի 5-րդ զեկույցի ուսումնասիրությունից, եթե ցանկանում են անկեղծ բացահայտումներ իրականացնեն: Ես կարծում եմ՝ ինքս էլ, շատ-շատ քաղաքացիներ էլ, որոնք բավական տեղեկացված են և տիրապետում են Մարտի 1-ի հետ կապված իրադարձություններին՝ կարող են նաև այս հարցերում հրապարակային աջակցություն ցուցաբերել նախաքննական մարմնին, եթե տեսնենք, որ նրանք անեղծորեն իրականացնում են լիարժեք բացահայտում»:
Ա.Միրզոյանի հայտարարության առիթով, թե՝ ՓԽ ձեռք բերած ցանկացած ապացույց դրվելու է իրենց ապացույցների կողքին, Ա.Քոչարյանը նկատեց. «Առաջին անգամ իրենք ընդունեցին, որ այդ նյութերը արժեքավոր են, երեք տարի շարունակ նույն ՀՔԾ խմբի ղեկավարը ասում էր, որ իրենց համար որևէ նոր բան չկա: Այդպիսի հայտարարություն արած խմբի ղեկավարը, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է ունենալ վստահություն… Իհարկե՝ ոչ: Նախ պետք է այդ խմբի կազմը ուժեղացնել՝ փոխելով խմբի ղեկավարին, պետք է ավելի անաչառ և պրոֆեսիոնալ մասնագետներ ներգրավել: Պետք է պատասխանատուների խնդիրը լուծվի, իսկ իրականացնողները ընդամենը մարդիկ են, ովքեր կատարել են հրամանները: Այսինքն՝ ապօրինի հրաման արձակողներին պետք է ի հայտ բերել, և եթե լրացուցիչ փորձաքննությունների խնդիր առաջանա, ապա ես խորհուրդ կտայի պարզաբանել Տիգրան Աբգարյանի հետ կապված նախաքննության ձեռք բերած ապացույցները: Կարող եմ միարժեք ասել՝ եթե տեսնեմ, որ անհրաժեշտություն կա, հրապարակայնորեն պատրաստ եմ նաև իմ աջակցությունը ցուցաբերել նախաքննական մարմնին»,- նշեց Ա.Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Ա.Միրզոյանի՝ արտերկրից մասնագետներ հրավիրելու վերաբերյալ կարծիքին, ապա Ա.Քոչարյանը ասաց. «Նախ ՀՔԾ-ն պետք է սկսի ինքն իրենից: Մեր զեկույցներում նշված են, թե ՀՔԾ քննիչները ինչպիսի խախտումներ են իրականացրել նախաքննության ընթացքում: Նախ մեղավորներին պետք է ի հայտ բերել, ամեն մեկը պետք է ստանա իր պատժի չափը, իսկ նրանք, ըստ մեր զեկույցներում ներառված փաստերի, իրականացրել են նաև քրեորեն հետապնդելի արարքներ, մենք դրանք արձանագրել ենք: Քննչական խումբը պետք է ներքին ռեսուրսի հաշվին ուժեղացվի, և կարծում եմ, որ Հայաստանում կան բարեխիղճ, պրոֆեսիոնալ քննիչներ, որոնք կարող են շատ օգտակար աշխատանք իրականացնել Մարտի 1- ի գործը բացահայտելու համար: Պետք է առաջին հերթին նման ցանկություն ունենալ այդպիսի մասնագետների ներգրավելու: Հայաստանում բազմաթիվ այդպիսի մասնագետների ճանաչում եմ նաև ներքին գործերի համակարգում, ուստի եթե կարևորում են Մարտի 1-ի բացահայտումը՝ որպես պետության համար կարևորագույն խնդիր, պետք է լավագույն մասնագետներին ներգրավեն: Այս պահի դրությամբ ՀՔԾ-ում ձևավորված քննչական խումբը ձևավորված չի լավագույն մասնագետներով: Երբ այդ խնդիրը կլուծեն և խնդիրներ առաջանան, գուցե անհրաժեշտ լինի արտերկրի փորձագետների հրավիրել, և նրանք կարող են օգտակար լինեն: Բնականաբար, միջազգային ինչ-ինչ կազմակերպությունների հետ կարելի է համագործակցել՝ նեղ պրոֆեսիոնալ փորձագետներ Հայաստան հրավիրելով»:
Վերջին օրերին տեղեկատվություն կա այն մասին, թե առավելապես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ են հրավիրվում հարցաքննության, սա ի՞նչ կարող է նշանակել՝ հարց ուղղեցինք պարոն Քոչարյանին. «Այստեղ խնդիր չեմ տեսնում, կարող են ցանկացած քաղաքացու կանչել, բայց ավելի ճիշտ կլինի, որպեսզի սկսեն այն պատասխանատուներից, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել իշխանության կողմից իրականացրած ապօրինի գործողություններին: Սա դեռ տեսանելի չի, քանի դեռ չեն հարցաքննվել բոլոր ուժային կառույցների ղեկավարները, որոնց գործողության արդյունքում մարտի 1-ին տեղի ունեցան գործընթացներ, որոնք անշրջելի դարձան մեր երկրի համար: Քաղաքացիները այնքան տեղեկատվության այս պահին չեն տիրապետում, որքան տիրապետում են այն ժամանակ գործող իշխանական համակարգի համապատասխան պատասխանատուները: Պետք էր սկսել նրանցից, որպեսզի նախ վստահությունը վերականգնվի: Նախ պետք է հարցաքննվեն՝ Պնախարարը, ներքին գործերի նախարարը՝ իր համապատասխան կառույցների, հրամկազմի հետ, որպեսզի պարզեն, թե մարտի 1-ի առավոտյան ի՞նչ է տեղի ունեցել, պետք է ուսումնասիրել, թե ի՞նչ է տեղի ունեցել մինչև մարտի 1-ը՝ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը ուժային համակարգի ղեկավար անձնակազմին ի՞նչ հրահանգ է տվել, ինչպե՞ս ծնվեց 0038 հրամանը, ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ հրամանը, ինչպե՞ս եղավ, որ բանակը մասնակցեց թե՛ առավոտյան, թե՛ հատուկ դրություն հայտարարելու ժամանակ: Վերջերս կարկառուն պատասխանատուներից մեկը, ինչպիսին է Տիգրան Թորոսյանը, խոսեց այն մասին, որ բանակը արտակարգ դրության ժամանակ ներքաղաքական կյանքում օգտագործելու իրավունք մեր Սահմանադրությունը չի տալիս: Բայց արդեն երեք տարի է անցել, իրենք պետք է պատասխան տան՝ այս տարիների ընթացքում ինչո՞ւ էին լռում: Պետք է հարցաքննվի Վարդան Օսկանյանը և պատասխան տա՝ երբ հեռուստատեսությամբ հանդես էր գալիս իր լիազորությունների սահմաններից դուրս՝ դա ի՞նչ էր նշանակում, նա որպես շտաբի անդա՞մ էր հանդես գալիս, թե՞ որպես ԱԳ նախարար: Նրա խոսքը ԱԳ նախարարի խոսք չէր, դա արձանագրված է, հետևաբար՝ ի՞նչ խնդիր էր լուծում Վ.Օսկանյանը: Պետք է հարցաքննվի նաև Արմեն Գևորգյանը… Այսինքն՝ իշխանական համակարգի պատասխանատուները պետք է բացատրություններ տան, որից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա, ուսումնասիրվի քաղաքացիների ունեցած տեղեկատվությունը, և միայն այդ դեպքում վստահություն կառաջանա, և դա արդեն կվերածվի իրական բացահայտման գործընթացի»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը: