Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգին։ Բարեփոխումների հիմնական նպատակն է Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգի հետագա զարգացումը, գործառույթների իրականացման որակի բարձրացումը և թափանցիկության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու սպասարկման որակի բարձրացումը։ Առաջարկվող հայեցակարգով կկարգավորվեն համակարգի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, կներդրվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից համակարգ։«Անշարժ գույքի կադաստրի աշխատանքներում այս հայեցակարգը իրականացնելու դեպքում արմատական փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ այս համակարգը գործի, և եթե անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, մենք պատրաստ ենք քննարկել, որ մարզերում ևս ավելի շուտ ներդնենք։ Այս հայեցակարգով իսկապես արտակարգ պայմաններ են ստեղծվելու մեր քաղաքացիների համար` օգտվել այս ծառայություններից էլեկտրոնային եղանակով, օնլայն ռեժիմով, առանց բյուրոկրատական քաշքշուկի։ Հնարավորություն են ունենալու օգտվել մասնագիտացված կառույցները, տարածքային ստորաբաժանումներ են ձևավորվելու։ Սա արդիական համակարգ է։ Եթե անհրաժեշտություն կա օժանդակելու, որ ծրագիրն ավելի շուտ իրականանա, մենք կարող ենք նաև գրանտային ծրագրեր ուղղել այս համակարգի կայացմանը», – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։