Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ակտիվ շրջագայություններ է սկսել, ընդ որում՝ բավական հետաքրքրական երթուղով։ Նախ՝ օրերս այցելեց Փարիզ, ուր հանդիպեց Ֆրանսիայի արտգործնախարարին և Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի խորհրդականին, իսկ մայիսի 18-ին էլ մեկնում է Վաշինգտոն, ուր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։
Ի՞նչն է պատճառը, որ Էդվարդ Նալբանդյանն այցելում է Փարիզ և Վաշինգտոն, որոնք Հայաստանի համար, անկասկած, առանցքային մայրաքաղաքներ են՝ նկատի ունենալով, որ դրանք ակտիվ էին թե՛ հայ-թուրքական գործընթացում, թե՛ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։ Բայց Փարիզն ու Վաշինգտոնն, անկասկած, մեծ դերակատարում ունեն նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։
Վաշինգտոնի ակտիվությունն արտահայտվում է թե՛ դեսպան Յովանովիչի վերջին ամիսների բավական թափանցիկ և ակտիվ գործունեությամբ, որի առանցքը Հայաստանում քաղաքացիական հասարակության խնդիրն է, թե՛ նաև վերջերս Հայաստան այցելած Թինա Քեյդենաուի պարագայով, ով Հիլարի Քլինթոնի փոխտեղակալն է և Հայաստանում հանդիպել էր նաև ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ և քննարկել նույնիսկ արտահերթ ընտրություններին վերաբերող խնդիրներ։ Իսկ Փարիզի դերակատարությունը Հայաստանի անկախության ամբողջ ընթացքում առավել քան ակնհայտ է եղել։ Փարիզն այն մայրաքաղաքն է, որի հետ ամենաբարձր մակարդակով հաճախակի շփումներ են ունեցել Հայաստանի թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահները, ու նաև ներկայիս նախագահը՝ դեռևս վարչապետ եղած ժամանակաշրջանից։ Փարիզն արևմտյան միակ մայրաքաղաքն է, որ Հայաստանի հետ անկախությունից ի վեր հաստատել է ամենաբարձր մակարդակի սերտ շփումներ։
Ներքի՞ն, թե՞ արտաքին հարցերն են Էդվարդ Նալբանդյանին տանում այդ առանցքային դերակատարում ունեցող մայրաքաղաքներ։
Հիշատակման է արժանի, թերևս, նաև այն, որ նա իր տուրնեն սկսեց այն բանից հետո, երբ Հայաստան էր եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնացը։ Բանն այն է, որ Իրանն էլ Հայաստանին առնչվող թե՛ արտաքին և թե՛ ներքին հարցերով խիստ հետաքրքրված պետություն է։ Այստեղ իհարկե կա, թերևս, մի աներկբա խնդիր՝ Հայաստանի ներքին հարցերն այդ մայրաքաղաքներին հետաքրքրում են միայն արտաքին գործընթացների համատեքստում։ Այսինքն՝ եթե որևէ կերպ փորձ է արվում ազդեցություն ունենալ ներսում, ապա դրա գլխավոր նպատակակետը արտաքին ոլորտում ազդեցությունների համար համաշխարհային պայքարն է։ Ահա այդ իմաստով հետաքրքրական է, թե ինչ օրակարգով է Նալբանդյանը դուրս եկել ճանապարհորդելու՝ միանգամից արտաքի՞ն, թե՞ դեռևս ներքին խնդիրներից կազմված։
Բանն այն է, որ այս փուլում կարծես թե Հայաստանի շուրջ արտաքին միջավայրում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, և բավական լարված սպասումներ են առկա երկրի ներսում։ Հետաքրքրական է նաև այն, թե այդ այցերից հետո Նալբանդյանը երբ է Մոսկվա այցելելու, կամ՝ ինքն է այցելելու, թե Մոսկվա կգնա արդեն Սերժ Սարգսյանը։