Ինչպես նշում են փորձագետները, Մոսկվային հետզհետե հաջողվում է սիրաշահել ինչպես Քադաֆիի կողմնակիցներին, այնպես էլ ապստամբներին: Համենայն դեպս, դա են վկայում այդ երկրի տարբեր պատվիրակությունների այցելությունները Մոսկվա և այնտեղ արված հայտարարությունները: Բենղազիում և Տրիպոլիում ողջունեցին Մոսկվայի ջանքերը` կարգավորելու ներլիբիական հակասությունները: Նշվում է, որ ինչպես էլ զարգանա իրավիճակը Լիբիայում, Մոսկվան լավ հարաբերություններ կունենա իշխանության եկած ուժերի հետ` անկախ նրանից՝ դա կլինի ընդդիմությունը, թե «գահը» կմնա Քադաֆիին:
Հիշեցնենք, որ Քադաֆիի ռեժիմի՝ երեկ Մոսկվա ժամանած ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, թե Լիբիայի առաջնորդը հրադադարի դեպքում պատրաստ է լիովին կատարել ՄԱԿ-ի երկու բանաձևն էլ, որոնք ընդունվել են ներլիբիական սրացման ժամանակ:
Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես առաջիկայում պատրաստվում են այցելել Մոսկվա: «Ռուսաստանի դերը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամի և մի երկրի, որի հետ Լիբիային կապում է բազմամյա համագործակցությունը, շատ կարևոր է»,- Al-Jazeera հեռուստաալիքին ասել է անցումային ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչ Օմար Ալ-Ուֆեյշին: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ընդունել ցանկացած միջնորդություն, որը կնախատեսի Քադաֆիի կողմից երկիրը լքելու տարբերակը: