Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հատուկ ծառայությունները կալանավորել են իրանական ու ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձի, ով մեղադրվում է ազգային անվտանգության դեմ գործողություններ իրականացնելու համար։
Իրանի ու ԱՄՆ-ի անձնագիր ունեցող անձը կալանավորվել է հուլիսի կեսին՝ Իրանի Գորգան քաղաք ժամանելուց հետո, որը երկրի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգի վարչական կենտրոնն է։
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հակահետախուզական վարչությունը հայտնել է, որ կալանավորվածը մեղադրվում է թշնամաբար տրամադրված կառավարությունների հետ կապեր ունենալու, ազգային անվտանգության դեմ գործողությունների ու հակահեղափոխական տարրերի ու ԶԼՄ-ների հետ կապերի համար։
Իրանը չի ընդունում երկքաղաքացիությունը և 2015 թվականին ձերբակալել է առնվազն 4 մարդու, որոնք ունեցել են երկքաղաքացիություն՝ ԱՄՆ-ի ու Իրանի անձնագիր։











































