76 ձայնի տարբերությամբ պարտված դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանը վերահաշվարկի դիմում էր ներկայացրել Պռոշյանի երկու տեղամասերում էլ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Առաջինի դեպքում քվեների հարաբերակցությունը չի փոխվել, իսկ երկրորդ ընտրատեղամասի պարկը բացելուց հետո գյուղապետ ընտրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի ձայներն ավելացել են 8-ով, իսկ սպանված գյուղապետի ընտանիքի աջակցությունը վայելող Վովա Սահակյանին տրված քվեներն ավելացել են 3-ով, երրորդ թեկնածու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանի ձայները մնացել են անփոփոխ:
Այսպիսով, հիմնական մրցակիցներ հանրապետական և դաշնակացկան թեկնածուների ստացած քվեների տարբերությունը 76-ից հասավ 81-ի՝ հօգուտ հաղթող թեկնածուի:
Վերահաշվարկն ընթանում էր լարված մթնոլորտում, անվավեր ճանաչված տրցակը բացելուն պես 26-րդ ընտրատարածքային հանձնաժողովի հանրապետական անդամներն ու հաղթած թեկնածուի վստահված անձը պահանջեցին մեկ առ մեկ քեվարակության դնել անվավաեր ճանաչված 11 քվեարթերթիկներ, որոնցից 8-ը փաստորեն ձայների մեծամասնությամբ ավելացան Արթուր Մուրադյանի ստացած քվեներին:
Հանձաժողովականներից երկուսը և նախագահը, մինչդեռ, առարկում էին՝ հակադարձելով, թե նույնը չի արվել առաջին պարկի դեպքում:
Լարվածության մասին ահազանգեր ստանալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերահաշվարկին էր գործուղել հանձնաժողովի երկու անդամների՝ Սիլվա Մարկոսյանին և Գեորգի Մարտիրոսյանին, ովքեր պարբերաբար փորձում էին հաշտեցնել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին: Արձանագրությունները կազմելուց հետո վերահաշվարկի պահանջ ներկայացրած դաշնակացական Վովա Սահակյանի վստահված անձը՝ Ստեփան Սահակյանը այլևս չէր խոսում ընտրակեղծիքների մասին՝ իրավիճակը գնահատելով նորմալ:
Մինչդեռ հաղթող թեկնածու Արթուր Մուրադյանի վստահված անձ Աշոտ Միքայելյանն ասում էր, թե իրենք են տեղեկություններ ունեցել, որ ընտրատեղամասին հանձնաժողովը խախտումներ է թույլ տվել․ – «Բայց որպես հաղթողի հոգեբանություն, չբողոքարկեցինք՝ այդ մի քանի ձայնը հաշվելով, որ մեզ պետք չէ: Բայց հակառակորդ կողմը բողոքարկեց, և դրա համար մենք իրենց շնորհակալ ենք»:
Դիտարկմանը, թե պարտված թեկնածուի կողմնակիցները պնդում են, որ խախտումները տեղի են ունեցել մինչեւ քվեարկությունը՝ փող է բաժանվել, ճնշումներ են բանեցվել, Միքայելյանն արձագանքել է, թե դրա պատասխանը պետք է փնտրել «հաղթողի և պարտվողի հոգեբանության» դաշտում․ – «Արդարացնելու իրենց պարտությունը: Պարտվելն էլ պետք է տղամարդավարի տանել»:










































