Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության 10-րդ տուրում կրկին հրաշալի հանդես եկավ Էլինա Դանիելյանը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին սև ֆիգուրներով պարտության մատնեց աշխարհի երրորդ շախմատիստուհի Նադեժդա Կոսինցևային և առաջնության ավարտից 1 տուր առաջ Սվետլանա Մատվեևայի հետ կիսում է 3-րդ հորիզոնականը: Վաստակած 8.5 միավորով առաջատարը Վիկտորիա Կմիլիտեն է, երկրորդ տեղում 8 միավորով Անտուանետա Ստեֆանովան է:
Լիլիթ Մկրտչյանը 10-րդ տուրում սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Մարիա Մոնակովայի հետ և վաստակած 6 միավորով տեղ է զբաղեցնում 3-րդ տասնյակում: Լիլիթ Գալոյանն, ով շատ հաջող էր մեկնարկել, երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և մնաց 5 միավորով: 5 միավոր են վաստակել նաև Մարիա Գևորգյանն ու Նելլի Աղինյանը: